Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սիսիանի համայնքի 2018թ. բյուջեի հանրային լսում: Մասնակցում էին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, կազմակերպությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Նախքան բյուջեի նախագծի քննարկմանն անցնելը՝ ներկաները ծանոթացան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի բյուջետային ուղերձին, որում մասնավորապես ասված էր. «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից»:

Համայնքի ղեկավարի ուղերձում նշված էին 2018թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Համայնքապետարանի աշխատակից Գրետա Թունյանը ներկայացրեց բյուջեի հակիրճ նախագիծը, իրականացվող ընթացիկ ծրագրերը և ոլորտները, որտեղ կծախսվեն համայնքի բյուջեի միջոցները:
2018 թվականի բյուջեի կանխատեսվող մուտքերը 944.224.3 հազար դրամ է, որի 66%-ը կազմում են պաշտոնական դրամաշնորհները, իսկ 34%-ը՝ սեփական եկամուտները:
Համայնքի բյուջեի միջոցները կծախսվեն հետևյալ ոլորտներում. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ, տնտեսական հարաբերություններ, շրջակա միջավայրի պահպանություն, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն, հանգիստ, մշակույթ և կրոն, կրթություն, հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր:
Հանրային քննարկմանը դրված բյուջեի հակիրճ նախագծում հստակ սահմանված են նաև նպատակները, որոնց համար կծախսվեն համայնքի բյուջեի միջոցները: Նշված են նաև վերջնական կանխատեսվող արդյունքները: Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերի վերջնական արդյունքը պետք է լինի ՏԻՄ արդյունավետ, հասցեական, մասնակցային և ուղենշված գործունեությունը: Տնտեսական հարաբերությունների ոլորտում կանխատեսվում է համայնքի բյուջեի եկամուտների ավելացում, իսկ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ համայնքի բնակիչների համար սանիտարահիգիենիկ և էկոլոգիական բավարար պայմանների ստեղծումը: Ծախսեր են նախատեսված նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացման, նախադպրոցական տարիքի երեխաների որակյալ կրթության, համայնքում սոցիալապես անապահով խմբերի, կարիքավոր ընտանիքների վիճակի բարելավման նպատակով:
Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր և առաջարկներ, վերջիններս կքննարկվեն, իսկ հարցերին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչագան Միրաբյանը և համայնքապետարանի աշխատակից Գրետա Թունյանը տվեցին սպառիչ պատասխաններ:
Սիսիանի համայնքի 2018 թվականի գործունեության ֆինանսական կառավարման առանցք հանդիսացող բյուջեն կհաստատվի դեկտեմբերի 21-ին՝ համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ: