Ամանորյա տոներին ընդառաջ Սիսիանում բացվեց իր տեսակով եզակի «Սիսիան Սիթի» սուպերմարկետը: Այն կգործի Որոտան 2/36 հասցեում: Բացման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 17-ին էր: Ծափողջույնների ներքո Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կտրեց խորհրդանշական ժապավենը:

Շնորհավորելով տնօրինությանը՝ համայնքի ղեկավարը սուպերմարկետի բացումը կարևորեց հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից: Բացման հաջորդ վայրկյանից աննախադեպ եռուզեռ էր, առաջին գնումներն էլ կատարվեցին րոպեներ անց: «Սիսիան Սիթի» սուպերմարկետը սպառողին է ներկայացել տարբերվող ապրանքատեսակով և բազմաթիվ ակցիաներով:
Սուպերմարկետի տնօրեն Գրիգոր Դավթյանի խոսքերով գնումների հարմարավետությունն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ինքնասպասարկումը, գործող երկու դրամարկղերը, բաժինների միջև ընդարձակ տարածությունը թույլ կտան հաճախորդներին տնտեսել ժամանակը և գնումները դարձնել հաճելի: Հատուկ ուշադրության կենտրոնում սպասարկման որակի բարձր մակարդակն է:
Առաջիկայում սուպերմարկետը սիսիանցի սպառողին կմատուցի սեփական արտադրության հաց, կգործի նաև դեղատուն: