Սիսիան քաղաքի տոնական «հանդերձանքը» վերջնական տեսք ստացավ: Դեկտեմբերի 25-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց  և հարյուրավոր սիսիանցիների մասնակցությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Հանդիսավոր արարողությանը հաջորդեց տոնական համերգային ծրագիրը, ելույթներով հանդես եկան մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի մեներգիչները, երաժշտական դպրոցի սաները և Սիսիանի N զորամասի նվագախմբի երաժիշտ-զինծառայողները:

Երեխաներին այցի էին եկել Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթային հերոսներ: Միջոցառմանը տոնական տրամադրություն էր հաղորդում նաև հրապարակի ինքնատիպ զարդարանքը. Մի անկյունում փոքրիկներին «դիմավորեցին»  հայտնի մուլտհերոս Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները, մյուս անկյունում տեղադրված էր «կախարդական» տնակը, կենտրոնում կանգնած էր հեքիաթային կառքը, ամանորյա այս միջավայրը ստեղծվել էր գեղարվեստի դպրոցի աշխատակիցների և աշակերտների, ՄՊՍԿ-ի սաների և այլոց ջանքերով: Ուրախ երգ ու պարը շարունակվեց մինչ ուշ գիշեր:
Տոնական գլխավոր միջոցառումը կլինի դեկտեմբերի 31-ին: Համայնքապետարանը հրավիրում է բոլորին, 2018 թվականը  ընտանեկան ջերմ մթնոլորտում դիմավորելուց հետո, երեկոն շարունակել Սիսակ Նահապետի անվան հրապարակում, ուր սպասվում է տոնական համերգ և իհարկե շքեղ հրավառություն: