Main content

Սիրելի՛ սիսիանցիներ, ավարտին է մոտենում 2017 թվականը:
Ամփոփելով անցնող տարին՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն մեր համայնքի համար եղավ ձեռքբերումների և առաջընթացի տարի: Մենք միասին կարողացանք հաղթահարել մի շարք դժվարություններ՝ այդ թվում համայնքների միավորման խրթին ու շրջադարձային փուլը՝ ապացուցելով, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր գլխավոր ուժն են: Մենք դարձանք մի մեծ ընտանիք՝ մեկ նպատակով՝ լինել ամրակուռ, դիմակայել ժամանակի մարտահրավերներին:
Տարին առանձնացավ կատարված բազում բարեփոխումներով: Թե՛ սպորտային, թե՛ մշակութային և թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտներում մի շարք ծրագրեր իրականացվեցին, էլ ավելի ամրապնդվեց համայնք-մարզպետարան համագործակցությունը, որի շնորհիվ կատարվեցին  մեծ ներդրումներ՝ ի նպաստ Սիսիանի համայնքի առաջընթացի:


Ինձ համար 2017 թվականի ամենակարևոր ձեռքբերումը ձեր վստահությունն ու հավատն էր տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Այն ուժ է տալիս շարունակելու մեր համայնքի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերն ու նախաձեռնությունները: Սիրելի հայրենակիցնե՛ր, թևակոխելով 2018 թվականը, վստահաբար մեր առջև խնդիր ենք դնում համընթաց զարգացում ապահովել համայնքի բոլոր բնակավայրերի համար՝ մեծից  փոքր: Գալիք տարում ևս մեր աշխատանքային գործունեության կենտրոնում շարունակելու է մնալ  համայնքի բնակիչը՝ իր հոգսերով ու խնդիրներով,  արժանավայել ապրելու իր ձգտումով: 
Սիրելի հայրենակիցնե՛ր,  թող ամանորյա սեղանների շուրջ հնչած բոլոր բարեմաղթանքներն ու ցանկությունները  ի կատար ածվեն: Հանդուրժողականությունն ու կամեցողությունը թո՛ղ դառնան յուրաքանչյուրիս ուղեկիցն ու կարգախոսը: Թո՛ղ ձեր ընտանիքներում մշտապես հնչեն մանկանց երգն ու ծիծաղը: Թո՛ղ մայրական օրհնանքն ու հայրենի հողի սատար ուժը նեցուկ լինեն սահմանին կանգնած զինվորին, տունդարձի ճանապարհն ընտրած տարեգիր հայորդուն, և մեր անդորրն ու  խաղաղ կյանքն ապահովող բոլոր բոլորին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Add comment