Հունվարի 12-ին Սիսիանում մեկնարկեց  2018 թվականի առաջին զորակոչը: Այս զորակոչն առանձնահատուկ է պաշտպանության նախարարության կողմից «Ես եմ» ծրագրի և մի շարք նորամուծությունների ներդրմամբ: «Ես եմ» ծրագրով ծառայության տևողությունը 3 տարի է, որից առաջին  5 ամիսը զինծառայողը կանցկացնի ուսումնական զորամասում, այնուհետև հաջորդաբար 2 շաբաթ՝ մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում, 1 շաբաթ՝ արձակման մեջ: Ծառայության ավարտին զորացրված զինծառայողը կստանա 5 մլն դրամ, որը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում:


Հունվարի 12-ին վաղ առավոտից զինկոմիսարիատում սահմանված կարգով ընթանում էին զորակոչի նախապատրաստական աշխատանքները, տղաները բժշկական հետազոտությունն անցնելուց հետո շտապում էին ծնողների մոտ՝ հրաժեշտ տալու ու լսելու նրանց բարեմաղթանքներն ու օրհնանքները:
«Ենթարկվել սպայական կազմի հրահանգներին, մարտական հենակետերում լինել զգոն, ծառայել հանուն հայրենիքի, հանուն իրենց հարազատների»,- Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանի հորդորն էր, հայրական խրատը:
Տղաներին ճանապարհելու էին եկել նաև Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձիք: Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անունից բարեմաղթանքներ հղեց նորակոչիկներին և ծնողներին, հայտնեց համայնքի ղեկավարի այն համոզմունքը, որ լինելով Սյունյաց աշխարհի ծնունդ, նրանցից յուրաքանչյուրը ամիսներ անց իրենց մարտական ոգով և քաջությամբ չեն զիջելու ավագ զինակից ընկերներին:
Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո զինակոչիկները, ավանդույթի համաձայն, ծաղիկներ խոնարհեցին արցախյան մարտերում զոհված հերոս Վուրգ Ոսկանյանի արձանին, նորից ու նորից հրաժեշտ տվեցին հարազատներին ու մեկնեցին, մեկնեցին դեպի նոր կյանք, դեպի հայրենիքին ծառայելու ու նրա պաշտպանը դառնալու: