Main content

Հունվարի 17-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կազմակերպվել էր «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի /Տրանշ-4/ Սիսիան Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հերթական հանրային քննարկումը: Նախագիծը ներկայացրեցին

«Ճաննախագիծ» ինստիտուտի աշխատակիցներ Լիլիթ Թադևոսյանը և Արամ Ավետիսյանը: Հանրային քննարկմանը մասնակցում էի Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ և այլոք:
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի երկարությունը կկազմի 60 կմ՝ ներկայիս 120 կմ-ի փոխարեն, այն կունենա 16.5 մետր լայնություն, ծածկը կլինի ասֆալտե, կկառուցվեն 27 մեծ և փոքր կամուրջներ, 9 թունելներ, որոնք միասին կկազմեն 18 կմ: Արագընթաց ճանապարհի կառուցման ընթացքում կշրջանցվեն բոլոր համայնքները՝ այդ թվում Գորիս և Կապան քաղաքները, պատմամշակութային  հուշարձանները, գազատարները և էլեկտրահաղորդիչ կայանները: Կկառուցվեն դեպի բնակավայրեր տանող 18  մոտեցման ճանապարհներ: Սիսիան-Քաջարան հատվածը սկիզբ կառնի Սիսիանի համայնքի Իշխանասար բնակավայր տանող խաչմերուկից և կավարտվի Լեռնաձորի համայնքին չհասած, կունենա 3 տրանսպորտային հանգույցներ:
Նախագծի հեղինակները ներկայացրեցին նաև բուսական աշխարհի ուսումնասիրությունները: Ըստ որի՝ ծրագրի իրականացման արդյունքում կկտրվի շուրջ 6000 ծառ և 10000 թուփ: Հետազոտվող տարածքում առկա են ՀՀ կարմիր գրքում գրանցված 10 բուսատեսակներ: Ծրագրի իրականացման ընթացքում պատճառված վնասի համար առաջարկվում են նաև մեղմացնող միջոցառումներ, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր հատվող ծառի փոխարեն կվերատնկվի 1:6 հարաբերությամբ ծառ, կիրականացվեն էկոհամակարգի վերականգնման աշխատանքներ և մանրամասն մոնիթորինգ: Սիսիան-Դարբաս, Դարբաս- Շենաթաղ, Կիծք-Գեղի հատվածներում առաջարկվում է կառուցել արգելապատնեշ, որպեսզի արգելվի կենդանիների մուտքը ճանապարհ: Կիրականացվեն մանրամասն հետազոտություններ, որպեսզի ապահովվի Հայկական մուֆլոնի, Բեզուարյան այծի և այլ կաթնասունների օրական և սեզոնային տեղաշարժը:
Հանրային քննարկմանը ներկայացված նախագիծը հաստատված է, աշխատանքները կսկսվեն, երբ այն ֆինանսավորվի:

 

Add comment