Հունվարի 18-ը Շամբի և շամբեցիների համար առանձնահատուկ օր է: Այդ օրն է ծնվել նրանց համագյուղացի, ազատամարտիկ Մակիչ Ասրյանը՝ առաջին շամբեցի զոհը Արցախյան հերոսամարտում: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար անձանց և շամբեցիների ձեռամբ ծաղիկներ խոնարհվեցին Մայիս Միրզոյանի անունը կրող հրապարակում կառուցված  հուշակոթող-խաչքարին՝ ի պատիվ Արցախյան մարտերում զոհված բոլոր քաջորդիների, հատկապես Մակիչ Ասրյանի փառավոր և հերոսական անցյալի:


Հունվարի 18-ին Մակիչը կդառնար 45 տարեկան: Նրա տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել հերոսի անունը կրող Շամբի միջնակարգ դպրոցում: Հյուրերը Մակիչի ընկերներն էին, հարազատները, ուսուցիչներն ու նրան հիշողները:
Էկրանին թերթվող նկարների հետ մեկտեղ թերթվում էր Մակիչ Ասրյանի կյանքը, կարճ, բայց և հերոսական կենսագրությունը, բանաստեղծական գեղեցիկ հանգերով ներկայացվում էր Մակիչի մարդկային բոլոր հատկանիշները, ապրած օրերն ու կյանքի վերջին վայրկյանները:
Հերոս որդու մասին ամեն մի խոսքը արցունքի նոր կաթիլ էր ծնում ծնողների աչքերում, խոսքն իրենց Մակիչի մասին էր, ով չորս որդիներից տարբերվում էր հենց մանկությունից, քաջ էր, գերազանց սովորող, հմուտ մարզիկ, նվիրված ու հոգատար որդի, ով ապրելով ընդամենը 20 գարուն՝ անջնջելի հետք թողեց իրեն ճանաչող բոլորի սրտերում:
Երբ ավագ եղբայրը մեկնեց ռազմաճակատ, Մակիչի համար ուսումը մղվեց երկրորդ պլան: Պատմության գրքերում «թուրք» և «ադրբեջանցի» բառերը գրիչով սևացրած Մակիչը 1992թ. միացավ Սիսիանի կամավորականների ջոկատին: Մասնակցեց Կապանի շրջանի պաշտպանական մարտերին, Մարտակերտի և Լաչինի միջանցքի ազտագրման ռազմական գործողություններին:
«Ես գնում եմ կռիվ, որ ձեր զավակները չգնան»,- մի առիթով ասել է Մակիչը: Ռազմաճակատում նրա կողքին պաշտպանված և ապահով էին զգում բոլորը: Կռվում էր անձնուրաց՝ երեզանքը սրտում, որ մի օր հաստատ հայը խաղաղ է ապրելու: Մակիչը չհասցրեց խմել այդքան փափագած հաղթանակի կենացը: 1994 թվականի մարտի 5-ին զոհվեց Մակիչ Ասրյանը:  Հերոսի դին տուն բերեցին մարտի 8-ին: Տոնական օրը Շամբի, շամբեցիների ու Մակիչի մոր՝ տիկին Ցողիկի համար ջնջվեց օրացույցից:  Մոր սրտի վերքը 24 տարի անց անգամ չի սպիացել, ամոքվում է միայն, երբ որդուն հիշում են, դեռ սիրում ու մեծարում են:

 «Հերոս ծնվում են և միայն ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում է, որ կարողանում են կատարել  իրենց առաքելությունը»,- Մակիչ Ասրյանի ծնողներին ուղղված շնորհակալական խոսքում նշեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Մակիչ Ասրյանի 45 ամյակին նվիրած այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց՝ «Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել»: