Հանդիսավոր կերպով Սիսիանի ավագ դպրոցի դահլիճ բերվեց ՀՀ պետական դրոշը, հնչեց օրհներգը. հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը հայտարարվեց բացված: Մասնակիցները ավագ դպրոցի աշակերտներն էին, հյուրերը՝ ուսուցիչներ, զինծառայողներ, համայնքապետարանի աշխատակիցներ:


Միջոցառման առաջին հատվածում հնչեցին շնորհավորական խոսքեր, հանձնվեցին մի շարք պարգևներ: Սիսիանի զինվորական կոմիսար Մինաս Մկրտչյանի անունից շնորհավորական ելույթով հանդես եկավ զինկոմիսարիատի աշխատակից Աշոտ Ասրյանը: Երկրապահ կամավորականների միության  կողմից պատվոգրի արժանացան Սիսիանի ավագ դպրոցը և դպրոցի զինղեկ Հրայր Գրիգորյանը:
Ավագ դպրոցի սաներից շատերն են իրենց ամբասիր ծառայությամբ աչքի ընկել այս կամ այն զորամասում, հրամանատարության կողմից դպրոցին ուղղված շնորհակալական նամակների քանակն էլ քիչ չէ, դրանք հպարտորեն, հատ առ հատ ներկայացրեց զինղեկ Հրայր Գրիգորյանը, ով նաև  պատվոգիր և գավաթ հանձնեց դպրոցի արհեստագործական հոսքին՝ ռազմամարզական խաղերի ժամանակ հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Կամավորական ջոկատների կազմավորումն ու բանակաշինության նորագույն շրջանը, Արցախյան հերոսամարտն ու Հայոց պետականության վերականգնումը, ապրիլյան քառօրյա պատերազմն ու խաղաղության համար նահատակվածների փառաբանումը, այս էին պատմական փոքրիկ ակնարկների թեմաները, որոնք ներկայացնում էր անկախության սերունդը, սերո՛ւնդ, ով քաջ գիտակցում է, թե ինչ է բանակը, և որն է նրա դերը մեր երկրի ապահով առաջընթացի համար: Քանի դեռ սերունդն այսքան հայրենասեր է ու հայրենանվեր, մեր երկրի սահմանները կլինեն անառիկ, հայոց հաղթական բանակը՝ մարտունակ, սահմանապահ զինվորի թիկունքը՝ ամուր: 
Միջոցառման ընթացքն ուղեկցվեց ռազմաշունչ, հայրենասիրական ոգով լեցուն գեղարվեստական համարները:

 

Add comment