Սիրելի՛ հայրենակիցներ,  հարգարժա՛ն զինվորականներ, երկրապահնե՛ր:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման  26-րդ  տարեդարձի կապակցությամբ:  Հաղթանակած Հայոց բանակի օրը ազգային տոն է և ամենանվիրականը յուրաքանչյուր հայի համար:
1988 թվականին Արցախ աշխարհի համար մղվող պայքարը և պետականության վերականգնման գործընթացը շղթայվեցին, և մեկը մյուսին լրացնելով` դարձան Ազգային բանակի ստեղծման հիմքն ու հենաքարը: Այն բանակի, որը հետագայում, դժվարին և առանցքային փուլեր հաղթահարելով, պետք  է դառնար նորանկախ հանրապետության և բաղձալի խաղաղության կայուն երաշխիքն ու ապավենը:


Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման և Ղարաբաղյան շարժման ակտիվացման պարագայում կազմավորվեցին կամավորական ջոկատներ, որոնց շարքերը համալրած քաջորդիներն իրենց արյամբ և սխրանքների փառապանծ լույսի ներքո հայոց հաղթական բանակը տարան դեպի մի նոր փուլ՝ կայուն զարգացման, մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական հմուտ  անձնակազմի պատրաստման, բանակաշինության մի նոր փուլ:
Հպարտորեն կարող ենք ասել, որ այս ճանապարհին իրենց ուրույն դերն են ունեցել նաև մեր համաքաղաքացի տասնյակ հերոս տղաներ, որոնց ձեռագրով գրված են Արցախյան հերոսամարտի պատմության շատ ու շատ պանծալի  էջեր:
Տարեցտարի հաղթահարվեց նաև բանակ- հասարակություն անջրպետը, այսօր՝ ինչպես և միշտ, բանակն ունի բոլորիս հոգածության կարիքը, այն հզոր է ու կենսունակ, քանի դեռ մեծ է ժողովրդի հավատը, հույսն ու վստահությունը:
Կեցցե՛ Հայոց բանակը, 
կեցցե՛ Հայոց պետականությունը,
փառք սահմանապահ քաջորդիներին, 
հավերժ հիշատակ  խաղաղության համար նահատակվածներին:

Շնորհավոր տարեդարձդ, Հայո՛ց  բանակ:

sisian.am

Add comment