Հունվարի 28-ին Սիսիանում մեծ շուքով տոնվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով: ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար անձանց և բարձրաստիճան սպաների գլխավորությամբ երթի մասնակիցները Սիսակ Նահապետի անվան հրապարակից շարժվեցին դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած, Արցախյան հերոսամարտում նահատակված, իրենց արյամբ մեր խաղաղ ներկան ապահոված քաջորդիների շիրիմներին:

Տոնական օրը շարունակվեց Սիսիանի մշակույթի կենտրոնում, ուր համայնքապետարանի և Սիսիանի զորամասի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Բանակում» խորագիրը կրող միջոցառում: Շնորհավորական ելույթով հանդես եկավ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Սիսիանի N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ԵԿՄ վարչության Սիսիանի բաժանմունքի փոխնախագահ Սարգիս Աղաջանյանը, ԵԿՄ անդամ Նեկտար Օհանյանը և օրերս զինծառայությունն ավարտած Արիստակես Դադյանը: Սիսիանի համայնքի ղեկավարը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց Սիսիանի զորամասի հրամանատար Հրաչյա Օհանյանին, մի խումբ բարձրաստիճան սպաների, զինծառայողների, հանգստի անցած վետերանների: Բանակի օրվան նվիրված միջոցառմանն աջակցելու և բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար Սիսիանի N զորամասի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանի անունից պատվոգրեր հանձնվեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին, միջոցառման կազմակերպիչներին, Սիսիանի մշակույթի ոլորտի և համայնքապետարանի մի շարք աշխատակիցներին: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից Վազգեն Սարգսյան պատվոգրի արժանացավ Սիսիանի համայնքապետարանը: Միջոցառման հանդիսավոր հատվածին հաջորդեց գեղարվեստական մասը: Համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի նախաձեռնությամբ, Սիսիանի զորամասի աջակցությամբ բեմադրվել էր բանակի առօրյան փոքրիշատե «բացահայտող» ներկայացում: Այն Սիսական գնդում ծառայելու պատվին արժանացած մի նորակոչիկի մասին էր, ում օրինակով ներկայացվեց զինվորի ամենօրյա կյանքը, մտորումներն ու ապրումները, անփորձ պատանուց մինչև հասուն երիտասարդ դառնալու ճանապարհը: Բանակային կյանքի մասին պատմող, մեկը մյուսին հաջորդող տեսարանները համեմված էին երաժշտական, պարային և մարտարվեստի համարներով:

Add comment