Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողության ժամանակ


Պարոնա՛յք գեներալներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին: Դա մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է:



Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին: 

Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը և անդորրը: Ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետևողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ և գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են և, իհարկե, նաև նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգևները: Դուք և ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք: Մենք հպարտանում ենք ձեզնով և հենվում ձեր հաղթական կամքի վրա:

Շնորհակալ եմ:

http://www.president.am

Հ.Գ Հունվարի 28-ին՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով: Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Գագիկ Աղվանի Մեսրոպյանը արժանացել է «Մարտական ծառայության մեդալ» ՀՀ պետական պարգևի:

 

Add comment