Փետրվարի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ Սիսիանում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքների ղեկավարների, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցների, բնակավայրերի վարչական ղեկավարների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ողջունելով նախարարի տեղակալի այցը, կարևորելով հանդիպման նպատակը, խոսքը տրամադրեց նրան:


Խորհրդակցության օրակարգային հարցերը վերաբերվում էին կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին: Փոխնախարարը անդրադարձավ սուբվենցիաների, ասել է թե՝ պետական բյուջեից համայնքների բյուջեներին կապիտալ ծախսերի համար տրվող նպատակային հատկացումների ընթացակարգին: Ըստ որի համայնքները կարող են ներկայացնել տնտեսական և սոցիալական  զարգացման ծրագրեր: Տնտեսական ենթակառուցվածքների համար պետությունը պատրաստ է ֆինանսավորել ծրագրի արժեքի 60 տոկոսը,  իսկ սոցիալականի դեպքում՝ 40 տոկոսը: Ըստ փոխնախարարի խոսքերի տնտեսական զարգացումը և տնտեսական ենթակառուցվածքները կդրվեն որպես առաջնություն, քանի որ առաջիկա երեք տարիների ընթացքում համայնքների համաչափ զարգացման համար նախատեսված ծախսերի 70 տոկոսը կհատկացվի տնտեսության զարգացմանը: Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ սուբվենցիաների հայտերը կընդունվեն մինչև այս տարվա մարտ ամսվա վերջը: Հայտերի ընդունման չափորոշիչները մի քանիսն են, որոնց մասին հանգամանորեն խոսվեց:
Մինչև 100 մլն կազմող բյուջեի դեպքում համայնքը պետք է պատրաստ լինի գոնե 5 մլն դրամ նախատեսել կապիտալ  ծախսերի ուղղությամբ: Սուբվենցիաների գործընթացը, փոխնախարարի կարծիքով, կխրախուսի, որպեսզի համայնքները իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը:
Խորհրդակցության օրակարգային հարցերից էր նաև համայնքային տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորումը: Պետական աջակցություն ակնկալող ծրագրերի  վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման չափը, Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ, կկազմի տարեկան առավելագույնը վեց տոկոս: 
Փոխնախարարը ներկաներին տեղեկացրեց նաև , որ Հայաստանի 52 բնակավայրեր կընդգրկվեն  ՄԱԿ-ի տուրիզմի զարգացման ծրագրերում և համայնքները  հնարավորություն ունեն ներկայացնելու համապատասխան ծրագրեր:
Օրակարգում ընդգրկված վերջին հարցը վերաբերվում էր համայնքների բյուջեներին, առկա ընդհանուր խնդիրներին:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցների հարցերին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը տվեց սպառիչ պատասխաններ և տեղեկացրեց, որ նախարարությունում, հետաքրքրող հարցերին պատասխանելու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Կառավարության կողմից հավանության արժանացած վերոնշյալ ծրագրերի շուրջ այսօրինակ քննարկումները պարոն Կարապետյանը բարձր գնահատեց՝ նշելով, որ դրանք կօգնեն կատարելագործելու գործընթացը և տեղերում ծանոթանալու համայքների ղեկավարների առաջարկներին: