Սիսիանի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը ավանդույթի համաձայն կազմակերպվել էր Արցախյան մարտերում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնում: Մի կողմում դարերի պատմություն ունեցող եկեղեցի, մյուս կողմում` հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթող, իրապես սրբավայր, որտեղ հնչած երդումը հավերժանում է հաղթանակների սրբագործված  լույսով:

 
Զորամասի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանի ողջույնի խոսքին, և նորակոչիկների միաձայն հնչեցրած տերունական աղոթքին հետևեց երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Տղաները մեկ ամիս է ինչ հրաժեշտ են տվել քաղաքացիական կյանքին, արդեն զինվոր են, քաջ գիտակցում են, թե որն է իրենց առաքելությունը, ինչպիսի պատասխանատվություն են կրում հայրենիքի, ծնողների ու սերունդների առջև: Պատվաբեր են համարում հատկապես Սիսական գնդում ծառայության անցնելը: Շարքային Մուրադյանը իր ելույթում կոչ արեց զինակից ընկերներին լինել կարգապահ, պատասխանատվությամբ վերաբերվել հրամանատարների հրամաններին ու պահանջներին.«Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր պարտաճանաչությամբ և անթերի ծառայությամբ լավագույն ավանդույթներով հայտնի, մեր բանակին բազմաթիվ ճանաչված մասնագետներ տված զորամասի տարեգրության մատյանում նոր էջեր է գրելու»,- ասաց նորակոչիկ Մուրադյանը:
Զինվորների շարքերում գտնելով իրենց զավակներին՝ ծնողները անհամբերությամբ ու շունչները պահած հետևում էին նրանց ամեն մի քայլին, փորձում հնարավորինս շատ նկարել ու լսել, թե ինչպես են երդման տեքստը կարդում:
Երդման հանդիսավոր արարողության ավարտից հետո տղաներին հանձնվեցին արձակման թերթիկներ. առջևում ծնողների ու հարազատների շրջապատում անցկացնելու երկար սպասված մի քանի ժամն էր:

Add comment