Փետրվարի 12-ին Սիսիանում մեկնարկեց դպրոցական  առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցում են դպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 8-ից 12-րդ դասարանների աշակերտները: Այս փուլը կընդգրկի  հայոց լեզու, անգլերեն, հայոց եկեղեցու պատմություն, ռուսերեն լեզու, հայոց պատմություն, գրականություն և ՆԶՊ առարկաները: Հայոց լեզու և անգլերեն  առարկաների օլիմպիադաները անցկացվել են փետրվարի 12-ին և 13-ին:


Փետրվարի 14-ին Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում տարածաշրջանի 80 աշակերտներ իրենց գիտելիքները դրսևորեցին հայոց եկեղեցու պատմություն առարկայից:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ նրանք լավագույնս կներկայացնեն իրենց համայնքը մարզային փուլում:
Օլիմպիադաների ընթացքը հետևելու համար ստեղծվել են կազմակերպչական խմբեր, որտեղ ընդգրկվել են տվյալ առարկայի հետ կապ չունեցող ներկայացուցիչներ: Գրավորները ստուգում են հինգ դպրոցներից ընտրված մասնագետներ:
Առաջարկվող հարցաշարերը  հիմնականում համապատասխանում են դպրոցական ծրագրերին, բարդ չեն: Ախլաթյանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անաստասիա Կրավչենկոն, թեպետ լավ չի տիրապետում հայոց լեզվին, այնուամենայնիվ չի դժվարացել, պատասխանել է  անգամ հայոց լեզվին վերաբերող հարցին:
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանի խոսքերով օլիմպիադայի թե՛ նախապատրաստական և թե՛ հիմնական աշխատանքները կազմակերպվում են առավելագունս արդար և թափանցիկ:
Առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը Սիսիանում կեզրափակվի փետրվարի 20-ին, բոլոր յոթ առարկաներից լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաները կմասնակացեն մարզային, այնուհետև՝ հանրապետական փուլերին:

Add comment