Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության կապիտան Արամ Սահակյանի հետ զրուցել ենք բաժանմունքի առօրյա աշխատանքների և այլ հարցերի շուրջ:

Արամ Սահակյանը 2006 թվականին ավարտել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: 2006-2009 թվականներին ծառայել է զորամասերից մեկում նախ որպես բժիշկ-մասնագետ, բուժկետի պետ: 2009-2012-ին անցել է կլինիկական օրդիանտուրա` վիրաբուժություն մասնագիտությամբ: 2012-ի դեկտեմբերից նշանակվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում որպես ավագ օրդինատոր:

 

 

-Բժիշկը ստիպված է անցնել ծանր փորձությունների միջով: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նա, որպես մասնագետ, կոփվում է: Հետաքրքիր է` ի՞նչ է զգում վիրաբույժը յուրաքանչյուր վիրահատությունից առաջ…

 

– Առաջին հերթին չափազանց մեծ պատասխանատվություն: Բժշկի պայքարը հիվանդին փրկելու, առողջություն պարգևելու համար է: Իսկ այդ պայքարում հաղթելու ամենակարևոր նախապայմանը պատասխանատվությունն է: Բժիշկը դա զգում է ամեն անգամ` ամեն հիվանդի նկատմամբ… նշանակություն չունի` հիվանդը զինվորակա՞ն է, քաղաքացի՞, տարե՞ց է, թե՞ երիտասարդ… : Իհարկե, զինվորների դեպքում բացի առողջական խնդիրները լուծելուց,մտածում ես նրան շարք վերադարձնելու մասին…

– Կարո՞ղ եք հիշել Ձեր առաջին վիրահատությունը: Ի՞նչ զգացողություններ ունեիք…

– Առաջին վիրահատությունը կատարել եմ ինտերնատուրայի ժամանակ: Դեռևս ուսանող էի: Զգացողությունների մասին կդժվարանամ պատմել, քանի որ աղոտ եմ հիշում (ժպտում է )…

– Ձեր առօրյա աշխատանքներում, ցավոք, դժբախտ ելքով դեպքերը բացառված չեն… և բժիշկն է իր ուսերին կրում հիվանդի հարազատների հետ խոսելու ծանր բեռը… Լինու՞մ են դեպքեր, երբ զգացմունքները հաղթում են…

 

-Այո, զգացմունքները հաղթում են, երբ մենակ ես, ինքդ քեզ հետ… իսկ հարազատների հետ խոսելիս ձգտում ես հնարավորինս սթափ լինել… Իսկապես դժվար է: Լինում են շատ ծանր պահեր, սակայն գիտակցում ես, որ սա է քո կոչումը, սա է քո առաքելությունը, որը պիտի կատարես պատվով և մինչև վերջ:

– Զինվորական բժկի համար մանսագիտական կատարելագործման առումով ի՞նչն եք կարևորում և ի՞նչ է այսօր պակասում:

 

– Մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրեր պարբերաբար լինում են, սակայն դրանց անհրաժեշտությունը միշտ կա: Բժշկի համար չափազանց կարևոր է նաև ինքնակրթությունը, որը ևս նպաստում է մասնագիտական կատարելագործմանը: Շատ կարևոր են վերապատրաստման դասընթացները, գիտաժողովները, փորձի փոխանակումը: Բժշկությունը գիտության այն ճյուղն է, որը զարգանում է մեծ արագությամբ, և անհրաժեշտ է մշտապես ծանոթ լինել առաջավոր փորձին: Այս առումով, բարեբախտաբար, հիմա հնարավորություններն ավելի լայն են: Հարցի շրջանակներում կցանկանայի նաև խոսել հոկտեմբերին կայացած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի մասին: Այն առանձնանում էր թե՛ կազմակերպչական, թե արդյունավետության առումով: Բացի դրանից նման ծավալով առաջինն էր: Ցանկալի է, որ նման գիտաժողովները շարունակական լինեն:

– Քանի որ խոսեցինք «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի մասին,կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի մասին:

-Ասոցիացիայի ստեղծումը միանշանակ, սպասված էր: Մենք խնդիր ունեինք միաբանվելու և միասին որոնելու մեզ հուզող հարցերի պատասխանները…

Քանի որ խոսեցինք գիտաժողովների կարևորության մասին, կցանկանայի առաջարկի ձևով կարծիքս հայտնել: Առավել արդյունավետ կլինի, եթե սահմանամերձ գոտում, հեռավոր մարզերում աշխատող բժիշկներն ավելի շատ ընդգրկված լինեն գիտաժողովներին, վերապատրաստման ծրագրերին: Մայրաքաղաքում, մեծ քաղաքներում զինվորական բժիշկները հիմնականում շփումներ են ունենում նաև քաղաքացիական բժիշկների հետ, իսկ պերիֆերիայում լինում են դեպքեր, երբ բժիշկը միայնակ է: Երբեն հարցեր են ծագում, խորհրդակցության անհրաժեշտություն է առաջանում, և չի լինում մեկը, ում կարող է բժիշկը դիմել:

-Կարևորու՞մ եք քաղաքացիական բժիշկների հետ համագործակցությունը:

-Փորձի փոխանակման առումով, այո: Կազմակերպչական առումով մեզ մոտ ամեն ինչ ավելի ճիշտ է կազմակերպված:

Հասմիկ Գյոզալյան

 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

amda.am