Main content

Փետրվարի 23-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի և աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանի գլխավորությամբ,  կայացավ հանրային բաց լսում 2017թ. տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ: Տարեկան հաշվետվությունը ընդգրկում էր քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում  2017 թվականին կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը: Հանրային լսմանը մասնակցում էին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներ և այլոք: Վաչագան Միրաբյանը իր զեկույցում ներկայացրեց  Սիսիանի համայնքի տարբեր բնագավառներում  2017 թվականին կատարված աշխատանքները:

Նշվեց, որ հաշվետու տարում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել աղբահանության կազմակերպման,  քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, համայնքային ենթակայության շենքերի բարելավման ուղղությամբ: Կանոնակարգվել է համայնքում հանրային տրանսպորտի աշխատանքը: Կազմակերպված երկու համապետական շաբաթօրյակների ընթացքում հավաքվել և քաղաքից դուրս է բերվել շուրջ 1160խմ աղբ: Համայնքի ղեկավարի անմիջական աջակցությամբ համայնքին նվիրատվության կարգով տրվել է 1.5 մլն դրամ արժողությամբ աղբատար մեքենա:
 ՀՀ կառավարության կողմից համայնքապետարանին է նվիրաբերվել Սիսական 31 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքը: Համայնքին է նվիրաբերվել «Սիսիանի փորձարարական կայան» դուստր ձեռնարկության 1մլն 433 հազար  դրամ սկզբնական արժեքով 26կմ ոռոգման խողովակներ: 
Պետական աջակցության ծրագրով համայնքի հողօգտագործողներին հնարավորություն է տրվել մատչելի գներով ձեռք բերել անհրաժեշտ քանակի գարնանացան գարու սերմացու, ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք: Իրականացվել է քաղաքի կենտրոնական հատվածների ծառերի բների կրապատման, հատման և էտի աշխատանքներ: Հետևողական գործունեություն է իրականացվել քաղաքի տարածքում թափառող շների վնասազերծման ուղղությամբ:
Վարչական ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա ներկայացվեցին նաև բնակավայրերում կատարված աշխատանքները: Ջրագծերի կառուցում, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում, փողոցային լուսավորություն, սանմաքրման աշխատանքներ, արոտների բարելավում, ծառատունկ և բարեկարգումներ՝ բնակավայրերում իրականացված աշխատանքները ևս քիչ չեն:
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառը ներկայացնելիս՝ նշվեց, որ 2017 թվականին իրականացված աշխատանքների շնորհիվ նկատելի առաջընթաց է ապահովվել համայնքի կրթական և մշակութային կյանքում: Նախակրթարանները եղել են մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում: Սնունդը դարձել է կալորիականությամբ ավելի հարուստ, խմբասենյակները համալրվել են անհաժեշտ պարագաներով, կահույքով: ԱՄՆ-ի «Հայրենիք միության» գործադիր մարմնի ֆինանսավորմամբ  թիվ 1 նախակրթարանում անցկացվել է ջեռուցման համակարգ: Մեկ այլ բարերարի ֆինանսավորմամբ  փոխվել է նախակրթարանի պատուհանների մի մասը:
Թիվ 3 ՆՈՒՀ-ում բացվել է նախակրթարան՝ տարածաշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների համար: Շինարարական աշխատանքները իրականացվել են ԿԳ նախարարության ծրագրերի կենտրոնի նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 7,154,000 դրամ, որից 2 մլն-ը՝ համայնքապետարանի ներդրումն է: 
Համայնքի ղեկավարի միջնորդությամբ,  ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում, Սիսիանում կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, ֆուտբոլի մասնագիտացված դպրոց: 
Զգալիորեն կանոնակարգվել են սոցիալական աջակցության աշխատանքները: Բժշկական և դրամական օգնություն են ցուցաբերվել սոցիալապես անապահով ընտանիքներին, հիմնվել է ցերեկային կենտրոն՝ միայնակ ծերերի և հաշմանդամների համար: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, Սիսիանի զորամասի ժամկետային զինծառայողները:
Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բնագավառի վերաբերյալ նշվեց, որ 2017 թվականի բյուջեի եկամուտների տարեկան կատարողականը կազմել է 100%: Սեփական եկամուտները տարեկան պլանավորված 271783,5 հազար դրամի դիմաց կատարվել են   271621,0 հազար դրամով: 
2017 թվականին տեղի է ունեցել ավագանու 9 հերթական և 1 արտահերթ նիստ: Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել են 354 դիմումներ և գրություններ, համայնքի ղեկավարի մոտ կազմակերպվել է  833 քաղաքացիների ընդունելություն: 

Add comment