Սիսիանի համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժինը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել էր շարադրության մրցույթ։ Մասնակիցները համայնքի դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներն էին, ովքեր մայրենի լեզվի մասին իրենց մտքերը շարադրել էին «Հայ լեզուն տունն է հայուն» վերնագրի ներքո։

Ստեղծագործելու համար երեխաներին տրվել էր մի քանի օր ժամանակ։ Գնահատող հանձնաժողովի անդամները ներկայացված գրավորներից բավականին տպավորված էին և հուզված, ընտրել լավագույնին դժվարացան։ Որոշում կայացվեց կազմակերպել երկրորդ փուլ, ընտրվեց «Իջնում ես հայոց լեռներեն, ինչո՞ւ չես խոսում հայերեն» վերնագիրը։ Այս փուլում լավագույն աշխատանքներով աչքի ընկած 7-11-րդ դասարանների 13 աշակերտներ շարադրությունները գրեցին հանձնաժողովի ներկայությամբ։  «Երկրորդ փուլի նպատակն էր, ճշտել, արդյոք, երեխաները տանը ինքնուրույն են աշխատել, թե՝ ոչ։ Քանի որ կային գրավորներ, որոնք կասկածի առիթ տվեցին»,-նշեց մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը։ Ցավոք կասկածները տեղին էին, առաջին և երկրորդ փուլերի գրավորները արմատապես տարբերվում էին միմյանցից։ Ստուգող հանձնաժողովը, վերջնական կարծիք հայտնելուց առաջ, երկար աշխատանք կատարեց, գրավորները համեմատվեցին և քննարկվեցին։ Մի բան ակնհայտ էր՝ առաջին օրվա ոգևորությունն այլևս չկար։ Արդյունքներն ամփոփելիս բոլորը միակարծիք էին. երեխաները քիչ են ընթերցում, ստեղծագործելու փոխարեն հաճախ օգտվում են համացանցում տեղադրված նյութերից, հոդվածներից և շարադրություններից։ « Ես ուզում եմ խոսքս ուղղել հատկապես ծնողներին, եղեք հետևողական, թույլ մի տվեք երեխաները սահմանափակվեն միայն համացանցով, ստիպեք շատ ընթերցեն, ստեղծագործեն, զարգացնեն ուրույն մտածողություն»,- իր մտահոգությունը հայտնեց Նարա Հովհաննիսյանը։ Երկար քննարկումներից հետո, սակայն, առանձնացվեց երկու շարադրություն, որտեղ հայոց լեզվի հանդեպ առանձնահատուկ սեր և ջերմություն կար։ Լավագույն ճանաչվեցին Սիսիանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հերմինե Ստեփանյանի և Աղիտուի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նուշիկ Կարապետյանի աշխատանքները։ Առաջիկա օրերին համայնքապետարանի կողմից նրանց կհանձնվեն հատուկ մրցանակներ։

Add comment