Սիսական գնդի կազմավորման 24 ամյակի կապակցությամբ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր կերտել են գնդի փառահեղ պատմությունը, բոլոր այն զինվորական այրերին, ովքեր իրենց գիտելիքներով նպաստել են գնդի կայացմանն ու զարգացմանը, բոլոր այն ժամկետային զինծառայողներին, ովքեր իրենց կյանքի լավագույն երկու տարիները նվիրել են մեր սահմանների պաշտպանությանն ու ամրությանը: Մարտի 4-ը Սիսական գնդի տարեդարձի օրն է, այն 24 տարեկան է, ու... ու մերն է, յուրաքանչյուր սիսիանցու հպարտությունն է , Սիսիանի պատմության շղթայի հերոսական օղակն է, ու մեր ժառանգությունն է, որն ասես սուրբ մասունք պետք է փոխանցենք սերունդներին՝ պահելով անպարտ ու անսասան ։

 

ՍԻՍԱԿԱՆ ԳՆԴԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ.  Փառահեղ պատմություն ունի Սիսական գունդը՝ պատերազմ, բանակաշինության դժվարին փուլեր: Ճանապարհ, որն անցնելով կոփվեց ու դարձավ ՀՀ ԶՈՒ լավագույն գնդերից մեկը, եթե ոչ՝ լավագույնը։ 1988 թ.-ի օգոստոսին կազմավորվեց Սիսիանի ինքնապաշտպանական կամավորական ջոկատը, որի շարքերն օր-օրի համալրեցին տասնյակ հայորդիներ՝ պատրաստ պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Այդ ջոկատի հիման վրա 1990 թ.-ի մայիսին կազմավորվեց Սիսիանի երկրապահ կամավորական ջոկատը։ 1990թ.-ի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց ՀՀ ՆԳ հատուկ գնդի Սիսական վաշտը։ 1990 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ Սիսիանի պահակա-պարեկային ծառայությունը։ 1992 թ.-ի հունվարի 30-ին՝ ՀՀ սահմանապահ զորքերի թիվ 1 սահմանապահ ջոկատի Սիսիանի սահմանապահ պարետատունը։ 1992 թ.-ի օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ հրամանով կազմավորվեց Սիսական 142-րդ պայմանագրային գումարտակը։ 1993թ.-ի մարտի 1-ին կազմավորվեցին 2-րդ ԱՄՀ բրիգադի 5-րդ և 7-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները։ Վերը նշված ստորաբաժանումների բազայի հիման վրա 1994 թ.-ի մարտի 4-ին ՀՀ ՊՆ թիվ 570 հրամանով կազմավորվեց Սիսիանի N զորամասը։ 1994 թվականի սեպտեմերի 21-ին Սիսական գնդին հանձնվեց մարտական դրոշ։ Գունդը կազմված է մոտոհրաձգային և հրաձգային գումարտակներից, հրետանային և առանձի ստորաբաժանումներից։ Այն ներառված է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմում։ Գնդի առաջին հրամանատարն է եղել Մարտական խաչ 2–րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Բաղդասարի Ազոյանը, նրան հաջորդել են զինվորական բարձր գիտելիքներով օժտված, ակնածանքի արժանի սպաներ Ալբերտ Քարամյանը, Անդրանիկ Փիլոյանը, Տիգրան Փարվանյանը, Արթուր Սարգսյանը, Ալեքսանդր Ցականյանը, Սմբատ Գրիգորյանը, այժմ գունդը ղեկավարում է գնդապետ Հրաչյա Օհանյանը։ Սիսական գնդի կայացման գործում մեծ է նաև Աշոտ Մինասյանի, Հենզել Աբրահամյանի, Արայիկ Մուրադյանի, Արծվիկ Գրիգորյանի, Մինաս Մկրտչյանի, Աշոտ Գրիգորյանի, Տիգրան Պողոսյանի և այլ հերոսների ավանդը։ Մարտական արժանավոր ուղի անցած Սիսական գունդը տարիների ընթացքում չի թուլացրել իր հեղինակությունը, այլ ամրապնդվելով ու կոփվելով դարձել է մեզանից յուրաքանչյուրի պարծանքը, խաղաղ ներկայի ու պաշտպանված ապագայի երաշխավորը: