Main content

Մարտի 5-ին Սիսիանի համայնքապետարանում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ «Գարնանային հեղեղումների դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը» թեմայով:  Քննարկվեց Բռնակոթ բնակավայրում  գետի վարարման և բնակավայրի հեղեղման դեմ ուղղված միջոցառումների պլանը, արտակարգ իրավիճակում  պատասխանատու անձանց գործողությունները:  Ուսումնավարժությունը ղեկավարում էր Սիսիանի համայնքի ղեկավար, ՔՊ պետ Արթուր Սարգսյանը: Շտաբային ուսումնավարժության նպատակն էր ստուգել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմի,

Բռնակոթ բնակավայրի վարչական ղեկավարի, ով նաև հանդիսանում է ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ,  համայնքի ՔՊ ծառայությունների պետերի և կազմավորումների հրամանատարների ունակությունները՝ գետերի գարնանային հեղեղումների ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներում:
Ենթադրվող աղետը ունի հետևյալ պատկերը.  Բռնակոթ գետը գարնանային ձնհալի և եղանակի կտրուկ տաքացման հետևանքով դուրս է եկել ափերից, մեծ քանակությամբ լեռնային ապարներ, տարբեր չափերի քարեր և ցեխի խառնուրդ ողողել է Բռնակոթ բնակավայրը: Փակվել է դեպի Սիսիան տանող ավտոճանապարհը, հեղեղման հետևանքով մեծ քանակությամբ ջրեր լցվել են տնամերձ տարածություններ:
Այսօրինակ  արտակարգ իրավիճակը հաղթահարելու նպատակով, ուսումնավարժության շրջանակներում, մշակվել են  մի շարք միջոցառումներ,  պատասխանատու անձանց գործողությունների  հերթականություն և խնդրի լուծման ուղիներ: 
Մարտի 5-ի ուսումնավարժությունն անցավ ըստ սահմանված կարգի՝ երկու փուլով: Առաջին փուլը ներառում էր Բռնակոթ գետի վարարման և բնակավայրի հեղեղման դեմ ուղղված միջոցառումներ՝ 3 ժամ տևողությամբ, երկրորդ փուլը՝ բնակչության պաշտպանության և Բռնակոթ գետի հեղեղման հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ, որի տևողությունը 2 ժամ էր:
Շտաբային ուսումնավարժության ընթացքում Սիսիանի հրշեջ փրակարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ  ավագ լեյտենանտ  Համլետ Պողոսյանը ներկայացրեց նաև, որ բնակիչները կենցաղային աղբը թափում են գետի մեջ՝ առաջացնելով խցանումներ, ինչն էլ իր հերթին ստեղծում է հեղեղման վտանգ: Սիսիանի համայնքի ղեկավարը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը, կատարել գետի աղտոտված հատվածների մաքրման աշխատանքներ:

Add comment