Սիսիանի համայնքի գրեթե 10 նախակրթարաններում դասերն ու պարապմունքները կազմակերպվում են Վորլդ Վիժնի կողմից իրականացվող վաղ մանկության զարգացում ծրագրի պահանջներին համապատասխան:
Հասուն տարիքում առաջացած բազում խնդիրներ  վաղ մանկական տարիքում թույլ տված բացթողումների, այդ թվում ոչ լիարժեք սնուցման, անբավարար խնամքի և կրթություն ստանալու պայմանների բացակայության հետևանք են: Վաղ մանկության զարգացում ծրագիրը միտված է բարելավելու  0-5 տարեկան երեխաներին ծառայություններ մատուցող կառույցների

և ծնողների կարողությունները, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով երեխաների ֆիզիկական աճի և զարգացման համար:  Անգեղակոթի նախակրթարանը ծրագրի շրջանակներում ճանաչվել է լավագույնը: Փորձի փոխանակման այցով այստեղ էին ծրագրում ներառված նախակրթարանների  դաստիարակներ, տնօրեններ, ոլորտի մասնագետներ:  Նրանք հետևեցին ավագ և միջին խմբերի սաների պարապմունքներին, առիթ ունեցան քննարկելու ներդրված մեթոդները:
Անգեղակոթի նախակրթարանում աշխատանքները գրեթե ամբողջությամբ  կազմակերպվում են ծրագի պահանջներին համապատասխան: Մուտքից  աչքի է զարնում մաքրությունը, պատի թերթերի, պաստառների բազմազանությունը: Ծնողական լրատու անկյունում ամեն օր տեղադրվում են օրվա ճաշացանկը, մայրիկներին  հետաքրքրող նյութեր, երեխաների առաջադիմությանը վերաբերվող տեղեկություններ: Գործում են նաև թեմատիկ զարգացման  կենտրոններ՝  հագեցված համապատասխան կահույքով, նյութերով, խաղալիքներով: Ծրագրի շրջանակներում կատարված բոլոր ներդրումներն այստեղ խնամքով պահպանվում են:
Վաղ մանկության զարգացում ծրագիրը լայն հնարավորություններ է ստեղծում նաև  ներառական կրթությունը զարգացնելու համար: Անգեղակոթի նախակրթարանի միջին խմբի սաների հետ պարապմունքներին մեծ սիրով մասնակցում է նաև Ժորան, փոքրիկը  տեսողական  խնդիրներ ունի, և, եթե չլիներ այս ծրագիրը, նա միգուցե երբեք նախակրթարան, իսկ հետո նաև դպրոց չհաճախեր:
Ծրագրի արդյունավետությունը գնահատեցին թե՛ մասնագետները և թե՛ ծնողները: Փորձի փոխանակման այցի ավարտին քննարկվեցին կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

Add comment