Սիսիանի համայնքապետարանը նախատեսում է լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում տուրիզմի զարգացման և տուրիստների կանոնավոր հոսքի ապահովման ուղղությամբ: Այս նպատակով մարտի 15-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց տուրիզի ոլորտում կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ: Քննարկվեցին տարածաշրջանում առկա խնդիրները,

վերջիններիս լուծման հնարավոր ուղիները, համայնքապետարանի ներգրավվածությունը տուրիզիմի զարգացման գործընթացում: Բազմաթիվ առաջարկներ եղան, որոնք արձանագրվեցին համայնքապետարանի կազմակերպական բաժնի տուրիզմի զարգացման և արտաքին կապերի պատասանատու Կարինե Դավթյանի, ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հարությունյանի կողմից: «Մենք ունենք մշակութային հզոր ժառանգություն և ի վիճակի ենք ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր տարածաշրջանը տուրիստների համար դառնա ամենահետաքրքիր վայրերից մեկը»,-նշեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ կարևորելով հատկապես համապատասխան չափանիշներով հյուրատների ստեղծումը: Հանդիպմանը ներկա էին մարդիկ, ովքեր գրեթե ամեն օր շփվում են Սիսիան ժամանած տուրիստների հետ և հստակ գիտեն թե՛ նրանց պահանջները և թե՛ բողոքի պատճառները: Համաձայն հնչած կարծիքների՝ ուշադրության կենտրոնում պետք է լինեն, հատկապես, ենթակառուցվածքների զարգացման խնդիրները: Համայնքի ղեկավարը ներկայացրեց բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված են քաղաքի և պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների մաքրությանը և բարեկարգմանը: Այն վայրերում, որտեղ մեծ է տուրիստների հոսքը, կտեղադրվեն մեծ աղբամաններ, հատուկ ուշադրություն կդարձվի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների բարեկարգմանը, կտեղադրվեն տաղավարներ, որտեղ սիսիանցի արվեստագետները կկարողանան տուրիստներին ներկայացնել իրենց աշխատանքները, գյուղմթերքի վաճառքը ևս հնարավոր կլինի: Հանդիպմանը ներկա էր նաև ՓՄՁ ԶԱԿ Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Խուդավերդյանը, ով ներկայացրեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը, այն միտված է աջակցելու սկսնակ գործարարներին և, որպես ծրագրի թիրախային ոլորտներ, ընտրված են սննդի վերամշակումը և զբոսաշրջությունը։ ՓՄՁ ԶԱԿ Սյունիքի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Խուդավերդյանի տեղեկացմամբ լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կհավակնեն ֆինանսական աջակցության, կստանան դրամաշնորհ` նոր աշխատատեղեր ստեղծելու պայմանով մինչև 2 մլն ՀՀ դրամ սահմաններում և վարկավորում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով: Այս ծրագիրը կօգնի բոլոր նրանց, ովքեր զբոսաշրջության ոլորտում կցանկանան ներդրումներ կատարել՝ արդյունքում ունենալով շահավետ բիզնես: ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը առաջարկեց կազմակերպության կողմից իրականացվող «Խաչքարերին՝ նոր կյանք» ծրագրի շրջանակներում, համայնքապետարանի հետ համատեղ, պատմամշակութային որոշ արժեքներին նոր կյանք տալու քայլեր ձեռնարկել:

Տուրիստների մեծ հոսք կարող է ապահովել նաև «Թոնիր հարսանեկան գյուղ» նախաձեռնությունը, որի հեղինակ Հայկ Երանոսյանը առաջարկեց ստեղծել համապատասխան պայմաններ՝ ծրագիրը Սիսիանի համայնքում իրականցնելու համար: Նախաձեռնության նպատակն է վերադարձնել հասարակությանը հայոց հարսանեկան ծեսի չքնաղ, խորունկ, սակայն մոռացված ավանդույթները։ Հայկական ավանդական ոճով հարսանիքներ կազմակերպելու համար, սակայն, անհրաժեշտ են պայմաններ՝ հյուրընկալելու մինչև 300 հյուրեր: Ընտրված հարսանեկան գյուղի տները պետք է ունենան ներքին և արտաքին համապատասխան հարդարանք: Առաջարկվող մշակութային միջոցառումները տվյալ վայրը ի զորու են դարձնելու ամենապահանջված մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Համայնքի ղեկավարը խոստացավ նախաձեռնության հեղինակի հետ քննարկել ներկայացվող պահանջները: «Բասեն» հյուրանոցի տնօրեն Հասմիկ Ասատրյան-Ազոյանը ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» առաջարկները, որոնք ևս մեծ հնարավորություններ են ստեղծում զբոսաշրջության զարգացման համար: Առաջարկներ եղան նաև հանդիպմանը ներկա արվեստագետների և ՀԿ ներկայացուցիչների կողմից: Քննարկման մասնակիցները եկան մեկ եզրահանգման. արդյունքի հասնելու համար անհարժեշտ է գործել համագործակցված և համախմբված: Համայնքապետարանը, համախմբելով տուրիզմի ոլորտում դերակատարում ունեցող անհատների, հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների, արվեստագետների, պատմաբանների, զբոսավարների ներուժը, պետական և այլ ծրագրերի շրջանակներում կմշակի զբոսաշրջության զարգացման ռազմավարական պլան: Կստեղծվեն աշխատանքային խմբեր, Սիսիանը ճանաչելի դարձնելու նպատակով կհրատարակվեն տեղեկատուներ և բուկլետներ, կիրականացվեն գործնական քայլեր՝ առաջիկա տարիներին Սիսիանի համայնքը դարձնելով զբոսաշրջության ակտիվ կենտրոններից մեկը: