Main content

Սիսիանի թիվ 4 նախակրթարանում, կանանց նվիրված մեկամսյակի շրջանակներում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Առաջին անգամ ծնողների ներկայությամբ ելույթ ունեցան կրտսեր 2-րդ խմբի սաները:

Փոքրիկները շփոթված հայացքներով դահլիճում փնտրում էին հարազատ դեմքեր, գտնելով ծնողների ոչ պակաս շփոթված ու հուզված հայացքները՝ ժպտում էին նրանց, ապա համակ ուշադրությամբ հետևում դաստիարակների շարժումներին ու հրահանգներին: Երեք տարեկան երեխաների հետ աշխատելը, նրանց ելույթի պատրաստելը, բանաստեղծություն, երգ կամ պար սովորեցնելը մեծ համբերություն ու հոգատարություն է պահանջում: Մայրիկներին նվիրված հանդեսը կրտսեր 2-րդ խմբի փոքրիկների համար ինքնատիպ փորձություն էր, որը հաղթահարվեց մեծ պատվով՝ ծնողներին պարգևելով ուրախության անմոռանալի և անփոխարինելի պահեր: Հանդեսին ներկա էր նաև Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը: Նա և նախակթարանի տնօրեն Քրիստինա Հարությունյանը ներկաներին շնորհավորեցին կանանց նվիրված տոնի կապակցությամբ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին փոքրիկների հետ հոգատարությամբ աշխատող դաստիարակներին: Տոնական հանդես էին պատրաստել նաև նախակրթարանի ավագ խմբի սաները, ովքեր, իհարկե, առավել ինքնավստահ էին: Փոքրիկները մայրիկներին, քույրերին ու տատիկներին նվիրեցին իրենց քաղցրահունչ երգն ու նազանի պարը: Մեծագույն սիրով, հստակ և սահուն արտասանությամբ փառաբանեցին նրանց: Հետևելով երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումներին՝ ևս մեկ անգամ համոզվում ես, որ նրանց մոլորակը այլ է՝ հեքիաթային ու լուսե, գունագեղ ու մաքրամաքուր:

Add comment