Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում գարնանամուտը տոնվում է յուրովի: 2003 թվականից ի վեր, ամեն տարի բնության զարթոնքի հետ մեկտեղ, դպրոցի հարակից այգում ծառատունկ է կազմակերպվում:

Նախաձեռնության հեղինակը դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանն է: Գաղափարը կյանքի է կոչվել ծնողների և ուսուցիչների աջակցությամբ: Ավանդույթի համաձայն ծառատունկն իրականացնում են դպրոցի ավարտական դասարանների աշակերտները, ընտրությունը պատահական չէ, այն իր մեջ խորհուրդ ունի: Ձևավորված գեղեցիկ ավանդույթի արդյունքում դպրոցն այսօր ունի ավելի քան 200 պտղատու ծառ: