Սիսիանի թիվ 3 նախակրթարանի ավագ խմբի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Միջոցառումից միջոցառում համոզվել ենք, որ այս նախակրթարանում, հատկապես ավագ խմբում, դաստիարակներ Էլիկ Սարգսյանի, Էդիտա Ամիրաղյանի եւ Սվետա Մանգասարյանի գլխավորությամբ տոնական բոլոր օրերին նախապատրաստվում եմ մեծ պատասխանատվությամբ` արդյունքում ծնողներին և հյուրերին մատուցելով գեղեցիկ և հագեցած միջոցառումներ:

Հերթական ցերեկույթը նվիրված էր գարնանային տոներին: Փոքրիկները, ներկայացնելով բնության զարթոնքը, շնորհավորեցին կանանց մեկամսյակը, ծաղկազարդը և իհարկե՝ Սուրբ Զատիկը: Մեկ տասնյակից ավելի երգերով, բազմաթիվ պարերով ու բանաստեղծություններով հարուստ միջոցառումը իրականում 37 երեխաների հետ տարվող ամենօրյա հոգատար ու նվիրված աշխատանքի արդյունքն էր: Մյուզիքլ հիշեցնող միջոցառումն ավարտվեց նախակրթարանի տնօրեն էմմա Հովսեփյանի և համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի ջերմագին շնորհավորանքներով և բարեմաղթանքներով: