Սիսիանի ու սիսիանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմն իր ողջ դաժանությամբ խտացավ ապրիլի 4-ին. ռազմաճակատ մեկնած սիսիանցի կամավորների ջոկատը Թալիշում հայտնվեց թշնամու դավադիր ծուղակում, անօդաչու թռչող սարքի գնդակոծության հետևանքով զոհվեցին ինը քաջորդիներ: Նրանք հերոսներ էին, հոգով միշտ երիտասարդ, կոչումով՝ զինվորական:

Պատերազմի լուրն առնելուն պես առանց վարանելու նորից զինվորական համազգեստ հագան, ժպտադեմ հրաժեշտ տալով մեկնեցին ռազմաճակատ, մեկնեցին վերստին հաստատելու, որ իրենք հաղթել են, որ վերջակետ դնելու ժամանակը եկել է: Մահվան ճիրաններում հայտնված հերոսներն արդեն երկու տարի է մեզ հետ չեն: Ապրիլի 4-ին, ի հիշատակ քառօրյայի բոլոր անմեղ զոհերի, Սիսիանի համայնքապետարանը երթ էր կազմակերպել: Աժ պատգամավոր Ավետ Սարգսյանի, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականների և երկրապահ կամավորականների ուղեկցությամբ հարյուրավոր սիսիանցիներ իրենց քայլերն ուղղեցին դեպի պանթեոն՝ խնկարկելու հերոսների անմահ հիշատակը: Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Սերգեյ Դանղյան, Դավիթ Սարգսյան, Սեդրակ Ասրյան, Արմեն Հովհաննիսյան, Կարո Համբարձումյան: Հիշել այս անունները նշանակում է հավերժ անմահացնել նրանց սխրանքն ու քաջագործությունը: Զինակից ընկերների կորստի ցավը և ապրիլյան դաժան հուշերը այսօր էլ ազատամարտիկներին հանգիստ չեն տալիս, նրանք դժվարանում են խոսել, պատմել…չեն կարողանում… ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և վարչական ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին նաև Քարվաճառի ազատագրման և Մարտակերտի պաշտպանական մարտերին մասնակից, ապրիլյան քառօրյայի զոհ Դավիթ Սարգսյանի շիրիմին, նրա աճյունը հանգչում է հայրենի Շաղատ գյուղի պանթեոնում: