Ապրիլի 4-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Աժ պատգամավոր Ավետ Սարգսյանը այցելեցին Սիսիանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության հետ, միացման ձևով, վերակազմակերպված  Շաղատի նախակրթարան: Այս և մնացած բնակավայրերում գործող նախակրթարանները, Սիսիանի ՆՈՒՀ-երի հետ վերակազմավորվելուց հետո, գործում են միասնական և համապատասխան չափորոշիչների շրջանակներում: Համայնքի ղեկավարը ծանոթացավ նախակրթարանի ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին:

Նախակրթարանն ունի երկու խումբ,  հաճախում են 46 երեխա՝ Շաղատ և Բալաք բնակավայրերից: Բարվոք վիճակում գտնվող երկու խմբասենյակները ծառայում են և որպես ճաշասենյակ, և որպես ննջասենյակ: 'ՙՇենքային պայմանները բարելավելու դեպքում՝ երեխաների թիվը կավելանա'՚,- վստահեցրեցին աշխատակիցները: Համայնքի ղեկավարը Շաղատ բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկեց շենքի երկրորդ հարկի ազատ սենյակների վերանորոգման և կահավորման հարցերը:
Արթուր Սարգսյանը  Շաղատում ծանոթացավ նաև օրերս տեղացած հորդ անձրևների պատճառած վնասների վերացման աշխատանքներին: Նշենք, որ գետերի հեղեղումները Սիսիանի համայնքի մի շարք բնակավայրերում լուրջ վնասներ էին պատճառել: Շաղատում  ողողվել էին պտղատու այգիներ, հաճարի ցանքատարածություններ, կարտոֆիլի համար նախատեսված հողամասեր: Համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում փոխվել է գետի հունը, կառուցվել են պատնեշներ՝ հետագայում հարակից անասնագոմերը և ցանքատարածությունները պաշտպանելու նպատակով:
Գետերի վարարման հետևանքով վնասներ են կրել նաև Բալաք, Հացավան, Թասիկ, և Նժդեհ բնակավայրերը:  Վնասվել է Բալաք բնակավայրի ջրագիծը, որից 30 մետրը հնարավոր չէ վերանորոգել, անհրաժեշտ է փոխել: Թասիկում քանդվել է կամուրջը, պատնեշները, ողողվել՝ ճանապարհները: Հացավան բնակավայրում ևս ողողվել են մեծ քանակով ցանքատարածություններ: Սիսիանի համայնքապետարանում  ճշտվում  են պատճառված վնասների չափերը, որոնք  կներկայացվեն Սյունիքի մարզպետարան:
Հեղեղումների հետևանքներին ծանոթանալուց հետո  Սիսիանի համայնքի ղեկավարը և ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը այցելեցին նաև Անգեղակոթ բնակավայրում գտնվող  Սուրբ Վարդան Զորավոր սրբավայր: Սրբատեղին գտնվում է բավականին անմխիթար վիճակում, տանիքը խարխլված է և վտանգավոր այցելուների համար: Սրբավայրը անվտանգ դարձնելու և տանիքի վերանորոգման ուղղությամբ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ առաջիկայում գործնական քայլեր կձեռնարկվեն: