Մեկնարկեց գարնանային ծառատունկը: Ապրիլի 7-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, գեղեցիկ ավանդույթի սկիզբ դրվեց: Համայնքի կանաչապատ տարածքների ավելացման նպատակով կատարվող գարնանային ծառատունկն այսուհետ կդառնա ավանդական: Ամեն տարի այս օրը՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, համայնքում կավելանան նոր տնկիներ:

Առաջին ծառատունկը կատարվեց Սիսիանի զորամասի հարակից տարածքում : Տարիներ շարունակ մացառապատ, անբարեկարգ հատվածում, համայնքապետարանի և զորամասի համատեղ ջանքերով, տնկվեցին 24 արծաթափայլ եղևնիներ: Թե՛ օրը, թե՛ տարածքը, և թե՛ եղևնիների քանակը պատահական չէին ընտրված: Առաջին ծառատունկի առաջին ծառերը տնկեցին ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և զորամասի հրամանատար Հրաչյա Օհանյանը: Ծառատունկի միջոցառման գլխավոր դերերում զորամասի սպայական կազմն էր և ժամկետային զինծառայողները, տնկիների հետագա խնամքը ևս նրանց է վստահվելու: Անվանական եղևնիներ տնկեցին նաև համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի և Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցները: Առաջիկայում տարածքը կկանաչապատվի՝ ստանալով ավարտուն և գեղեցիկ տեսք: Գարնանային ծառատունկի արդյունքում ընդհանուր առմամբ 50 արծաթափայլ եղևնիներ կզարդարեն քաղաքի տարբեր հատվածները: