՚՚Մաքուր Հայաստան՚՚ ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին Սիսիանում կազմակերպվեց այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը: Աշխատանքային առաջին ցուցումները տվեց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Քաղաքի մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքապետարանում մի շարք նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել:

Կատարվել են շրջայցեր, ընտրվել են առավել աղտոտված վայրերը, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, շաբաթօրյակի ժամանակ , համայնքի ղեկավարի գլխավորությամբ, հետևում և կանոնակարգում էին քաղաքում ընթացող սանմաքրման աշխատանքները: Հատուկ ուշադրության կենտրոնում միջհամայնքային ճանապարհների մաքրումն ու աղբի հեռացումն էր: Հիդրոշինարարների այգին վերջերս դարձել է մեր քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկը. պատճառը նորակառույց խաղահրապարակն է: Շրջակա տարածքի բարեկարգումն իրականացվում է համայնքապետարանի կողմից, իսկ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների, Վորլդ Վիժն կազմակերպության ՙԻմփաքթ՚ ակումբի երեխաների շնորհիվ այգին մաքրվեց կենցաղային աղբից: Երեխաները գիտակցում են՝ իրենց խաղահրապարակն ու այգին պետք է մաքուր պահել: Փոքրիկ Նարեն օրինակ էր ծառայում բնակիչների համար, մայրիկին էր օգնում, սակայն՝ ապարդյուն, նրա օրինակը այդպես էլ վարակիչ չդարձավ, բնակիչներից շատերը նախընտրեցին շաբաթօրյակին ՝ հետևել հեռվից: Համապետական առաջին շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան մարզային և համայնքային կազմակերպությունները, տնտեսվարող սուբյեկտները, կրթական և առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները և իհարկե քաղաքում տեղակայված զորամասի զինծառայողները: Ճամփեզրերին կուտակված աղբը անմիջապես հավաքվում և հեռացվում էր: Շաբաթօրյակի շրջանակներում սանմաքրման աշխատանքներ են իրականացվել Սիսիանի համայնքի բոլոր բնակավայրերում: