Այսօր հայ ժողովուրդը 103-րդ անգամ հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին:

Ապրիլի 23-ին Սիսիանում կազմակերպվեց ջահերով երթ, իսկ Մեծ Եղեռնի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, հարյուրավոր սիսիանցիներ, ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Առաջին անգամ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչվել է 1919թ. մարտին՝ Կ. Պոլսում, Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: 1919թ. ապրիլի 25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 24-ը համազգային սգո օր սահմանելու մասին և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում: 2015 թվականին Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվեցին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, արարողությունը կատարվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ: Ապրիլի 24-ը սահմանվել է որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր, և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն, մատուցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ, հռչակում է նրանց հավաքական նահատակությունը՝ հանուն հավատքի ու հայրենիքի:

 

Add comment