Արցախյան մարտերում հաղթանակի համը ճաշակած հարյուրավոր հերոսներ ապրիլյան քառօրյա պատերազմի կանչով, առանց երկմտելու նորից մեկնեցին ռազմաճակատ: Նրանց շարքերում էր նաև Կարո Ծերունի Համբարձումյանը: 1989-ից 1993 թվականներին Հայաստանի սահմանային և Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակից ազատամարտիկին ոչ ոք և ոչինչ չէր կարող ետ պահել ռազմի դաշտ վերադառնալու որոշումից:

56-ամյա Կարո Համբարձումյանը, ապրիլյան պատերազմի օրերին Սիսիանի ջոկատին միանալով, շտապեց ռազմաճակատ՝ երիտասարդ սահմանապահի կողքին կռվելու: Հայտնվելով դավադիր թշնամու ծուղակում՝ անօդաչու սարքի ռմբակոծության հետևանքով ջոկատի մյուս տղաների հետ մահացու վիրավորվեց նաև Կարոն: Բժիշկները օրեր շարունակ պայքարեցին նրա կյանքի համար, սակայն ապրիլի 18-ին, այդպես էլ գիտակցության չգալով, Կարոն մահացավ: Նրա աճյունը մայր հողին հանձնվեց հենց իր ծննդյան օրը՝ ապրիլի 20-ին: Երկու տարի է անցել, նորից ապրիլի 20-ն է, հայրենի Վաղատին գյուղի հարազատ դպրոցում հիշատակի օր է, դասարաններից մեկը կոչվեց Կարո Համբարձումյանի անունով: Անվանակոչությանը նվիրված միջոցառմանը հիշատակվեցին նաև Վաղատին գյուղից հայրենիքի համար նահատակված բոլոր հերոսները, փառաբանվեց հայոց հզոր բանակն ու սահմանապահ հայորդին: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Կարո Համբարձումյանի հարազատները, զինակից ընկերներն ու համագյուղացիները: Համայնքի ղեկավարն իր ելույթում շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվին` հերոս տղաներին հիշելու ու փառաբանելու համար: Կարո Համբարձումյանը բազմանդամ ընտանիքի զավակ էր, ինքն էլ մեծ ընտանիքի հայր էր՝ հինգ երեխա, տասներկու թոռնիկներ: Հարազատների ու զավակների հիշողություններում դաջված է Կարոյի լուսավոր կերպարը, անչափ հայրենասեր էր, քչախոս, կատակասեր, հյուրասեր ու բնության սիրահար:

Add comment