Մայիսի 9-ը 1992 թվականից նշվում է որպես եռատոն: Ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին, ստեղծվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը: Հաղթանակի և Խաղաղության օրը դարձավ հայ ազգի միասնության ուժի ամենանվիրական տոնը: Շնորհավորական խոսքեր, բարեմաղթանքներ, երգ ու պար. տոնական օրվա առթիվ Սիսիանում միջոցառում էր կազմակերպվել:

Համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ երկրապահ կամավորականների միության կողմից արժանացան պատվոգրերի ու մեդալների: Երաժշտական ու պարային ելույթներից հետո ծաղիկներ խոնարհվեցին Հայրենականում զոհված սիսիանցի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որին հետևեց հաղթական քայլերթ դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման ճանապարհին զոհված տղաների հիշատակին: Համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ սիսիանցիները ծաղիկներ խոնարհեցին նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված Մայր հուշարձանին: Ցավոք Սիսիանի տարածաշրջանում ապրող յոթ վետերանները չմասնակցեցին տոնական միջոցառումներին՝ ի վիճակի չէին: Համայնքապետարանի աշխատակիցները անձամբ այցելեցին նրանց, շնորհավորեցին ու նվերներ հանձնեցին: