Main content

Սիսիանի համայնքապետարանում ս.թ. մայիսի 17-18-ին անցկացվեց «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի» նախագծի քննարկումը: Ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) ներքո 2017թ.-ի գործում է Աշխատանքային Խումբ

, որի կազմում են Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ՝ Արա Ռոստոմյանը, Համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ՝ Արփինե Բարսեղյանը, Վարչական վերահսկողության բաժնի պետ՝ Արթուր Երիցյանը, Համայնքային ծառայության բաժնի գլխավոր մասնագետ՝ Աննա Վարդանյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Վաչագան Միրաբյանը, Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Վարդան Մուրադխանյանը, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արա Մարտիրոսյանը: 
Աշխատանքային Խումբը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի (Ծրագիր) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: 2017թ.-ին նշյալ Ծրագրի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Գույքագրման վերլուծություն» և մշակվել՝ «Վերապատրաստման կարիքների գնահատում» հետազոտությունը: Այս աշխատանքներին ուղղակի և ակտիվ մասնակցություն են բերել Աշխատանքային Խմբի անդամները: Աշխատանքներն իրականացվել են փորձագիտական խմբի կողմից՝ Ուլլա Պուրգայի և Տիգրան Գրիգորյանի փորձագիտական աջակցությամբ, որոնք և հեղինակել են նշյալ աշխատությունները: Այս աշխատանքների արդյունքները, հաշվետվությունները և դրանցից բխող հետագա քայլերն ու խնդիրները ներկայացվել են շահագրգիռ կողմերին՝ Երևանում 2017թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած աշխատաժողովին: Նշյալ երկու նյութերը տեղադրված են ՏԿԶՆ պաշտոնական կայքում http://mtad.am/hy/method-mater-clarificatications/ հասցեով:
Բացի այդ, 2017թ.-ին ԳՄՀԸ Աշխատանքային Խմբի անդամներին ԳՄՀԸ Ծրագիրը աջակցել է ծանոթանալու և յուրացնելու միջազգային ժամանակակից և առաջադեմ փորձը համայնքային ծառայողների վերապատրաստման իրավակազմակերպչական կարգավորումների, հայեցակարգերի, մեխանիզմների ուղղություններով, քաղականության ու ռազմավարության մշակման գործելաոճին Գերմանիայի Դաշնության Բավարիա նահանգում (Ռեգեն):
Ընթացիկ՝ 2018թ.-ին, Աշխատանքային Խմբին ԳՄՀԸ Ծրագիրն աջակցում է «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգը» մշակելու աշխատանքներում: Հայեցակարգի մշակումը նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարեկան Գործողությունների ծրագրով: Հայեցակարգի մշակմանն ուղղված գործողությունները քննարկվել և հաստատվել են ՏԿԶՆ և ԳՄՀԸ միջև համաձայնեցված «2018թ.-ի Տարեկան գործողությունների ծրագրով»: Աշխատանքային Խմբի մեկնարկային նիստը կայացել է ՏԿԶՆ-ում 2018թ.-ի մարտի 29-ին: Սիսիանում անցկացվեց երկրորդ նիստը:

Նիստի ընթացքում փորձագետ Տ. Գրիգորյանը ներկայացրեց Հայեցակարգի նախագիծը, ԱԽ անդամները հանդես եկան իրենց առաջարկություններով և դիտողություններով: Այս նիստի ընթացքում նաև համաձայնեցվեցին Հայեցակարգը վերջնական նախագծի տեսքի բերելու համար անհրաժեշտ հետագա քայլերը և ժամկետները:
Նիստի աշխատանքներին մասնակցում են ԳՄՀԸ խորհրդատու Արմեն Քեշիշյանը և ԳՄՀԸ կողմից ներգրավված փորձագետ՝ Տիգրան Գրիգորյանը:
Աշխատանքային Խմբի նիստի մասնակիցներին ողջունեց Սիսիանի համայնքի ղեկավար՝ Արթուր Սարգսյանը: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը Սիսիանի համայնքում իրականցված ծրագրերի և աշխատանքների համար:

Add comment


1