Main content

Մարտ ամսին տեղացած հորդառատ անձրևների պատճառած վնասները հետզհետե վերացվում են: Գետերի հեղեղումները Սիսիանի համայնքի Նժդեհ, Բալաք, Շաղատ, Հացավան, Թասիկ և այլ բնակավայրերում լուրջ վնասներ էին պատճառել: Ողողվել էին պտղատու այգիներ, ցանքատարածություններ, վնասվել ջրագծեր: Շաղատում խնդիրը փոքրիշատե լուծվել է, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում փոխվել է գետի հունը, կառուցվել են արգելապատնեշներ՝ հետագայում հարակից անասնագոմերն ու ցանքատարածությունները պաշտպանելու նպատակով:

Թասիկում Գիժգետի վարարման հետևանքով քանդվել է կամուրջը, որը գյուղի համար կենսական նշանակություն ունեցող կառույց է, արոտավայրեր ու հողամասեր տանող միակ ճանապարհն է: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները: Մեկ շաբաթից այն լիովին կվերականգնվի: Աշխատանքներին հետևում էին համայնքի ղեկավարը, Թասիկի վարչական ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը, համայնքապետարանի քաղաքաշինության ու տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը Հեղեղումներից գժված Գիժգետը քանդել է նաև Հացավանի կամուրջն ու դաշտեր տանող ճանապարհի որոշակի հատվածը, խոտհունձի ժամանակ բեռնատար մեքենաները չեն կարողանա դաշտերից խոտը գյուղ հասցնել: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանձնարարեց, Թասիկում աշխատանքներն ավարտելուց հետո, այստեղ ևս սկսել բարեկարգման աշխատանքներ: Առայժմ անլուծելի է մնում սակայն Հացավանի ոռոգման ջրագծի խնդիրը, անմխիթար վիճակում գտնվող ջրատարը սպասարկում է Հացավանի 60 և Աշոտավանի 130 հեկտար ցանքատարածությունները: Քանդված պատնեշներից ջուրը անցնում է դեպի դաշտամիջյան ճանապարհ՝ դառնալով սողանքի պատճառ: ,,Սյունիք,, ջրօգտագործողների ընկերության Սիսիանի տեղամասի պետ Նարեկ Մելիքթանգյանից ճշտեցինք՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեում խնդրին տեղյակ են, սակայն, ցավոք, առայժմ միջոցներ չեն հատկացվում: Ընկերությունը մեծածավալ աշխատանքների ծրագիր է ներկայացրել կոմիտե, ներառված է նաև Հացավանի ջրագծի վերանորոգումը: Մնում է հուսալ, որ ծրագրի իրականացման համար երկար ժամանակ չի պահանջվի:

Add comment


1