Main content

Սիսիանի համայնքի ղեկավարը Արթուր Սարգսյանը մայիսի 28-ին մասնակցեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Ավելի քան 500 տարի պետականություն չունեցող հայ ժողովուրդը մեկ դար առաջ համախմբվեց, դարձավ մեկ բռունցք: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս:

Մեր երկիրը փրկվեց ոչնչացումից, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: 1992 թվականին մայիսի 28-ը հռչակվեց հանրապետության օր և առ այսօր տոնվում է մեծ շուքով ու երախտագիտությամբ: Օրվա խորհուրդը համախմբել էր նաև սիսիանցիներին: Տոնական միջոցառման սկիզբն ազդարարվեց զինվորական նվագախմբի հնչյունների ներքո: Հաղթական երթը շարժվեց դեպի ազատամարտի հրապարակ: Հնչած շնորհավորական խոսքերը ուղղված էին նաև արցախյան պատերազմի քաջարի հրամանատար Վուրգ Ոսկանյանին, մայիսի 28-ը նրա ծննդյան օրն է: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ապրիլյան քառօրյա պատերազմում և հայրենի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների ծնողները, Հայաստանի տարբեր քաղաքներից հավաքվել ու որպես ուխտ եկել էին Սիսիան: Հյուրերը նախքան Սիսիանից հեռանալը այցելեցին նաև քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Վուրգ Ոսկանյանի, արցախյան և ապրիլյան պատերազմներում զոհված տղաների հիշատակին: Նրանց հետ էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը և այլ պաշտոնատար աձինք: Մայիսյան տոները Սիսիանում ամփոփվեցին խորհրդանշական ծառատունկով: Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ մայիսի 28-ին 28 հատ արծաթափայլ եղևնիներ տնկվեցին Սիսիանի տարբեր հատվածներում:

Add comment


1