Main content

Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մայիսի 23-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված այն անձիք, ովքեր  առաջին անգամ էին  համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնում, հունիսի 11-ին հանդիսավոր կերպով երդվեցին արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց նրանց՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:


Երդման արարողությանը հաջորդեց աշխատանքային խորհրդակցություն: Ներկա էին համայնքի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները: 
Համայնքի ղեկավարը, թվերի տեսքով, ներկայացրեց հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների վերլուծությունը: Բնակավայրերից որոշներում բարձր ցուցանիշներ են արձանագրվել, ինչի կապակցությամբ համայնքի ղեկավարի որոշմամբ, տեղերի վարչական ղեկավարներն ու օպերատորները կպարգևատրվեն: Վարչական ղեկավարները ներկայացրեցին բնակավայրերում եկամուտների հավաքագրմանը խոչընդոտող պատճառները, որոնց ուղղությամբ, քննարկումների արդյունքում, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: 
« Նախկին գյուղապետարանների օրոք կուտակված աշխատավարձերի մոտ 80 մլն դրամ պարտքը համայնքի խոշորացումից հետո մարվել է, ինչն էլ սակավաթիվ ծրագրերի իրականացման պատճառ է հանդիսացել,-իր խոսքում նշեց Արթուր Սարգսյանը,- պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ բոլորս հաղթահարում ենք խոշորացման անցումային փուլը, որի ժամանակ թերացումներ, իհարկե, կարող են լինել, սակայն դա չի նշանակում, որ համայնքի համընթաց զարգացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: Այս պահին կառավարության հաստատմանն են ներկայացված համայնքային ներդրում պահանջող 4 կարևոր ծրագրեր: Որոշ բնակավայրերում շարունակվել են կիսատ մնացած մի շարք ծրագրեր»,-ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ բյուջե մուտք արված յուրաքանչյուր 100 դրամ կծառայի համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը: Ներկայացվեց նաև բնակավայրերում հեղեղումների պատճառած վնասների չափերը և  դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Վարչական ղեկավարներին հանձնարարվեց մանրամասնորեն ներկայացնել դաշտամիջյան ճանապարհների վիճակը, որոնց բարեկարգման  ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Խորհրդակցությունն անցավ հարց ու պատասխանի ձևաչափով, բոլոր բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Add comment


1