Main content

SAM 3185Օգոստոսի 10-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը դիմավորեց Սիսիանի քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակությանը:
2012 թականին Սիսիանը և Մոնտելիմարը հռչակվել են որպես քույր քաղաքներ: Երկուստեք կնքված համաձայնության հուշագրում ամրագրված է, կողմերը պարտավորվում են աջակցել քաղաքների միջև տեղեկատվական և փորձի փոխանակման, կրթության և մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Բարեկամական համագործակցությունը, հուշագրի կնքումից որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով ընդհատվել էր: Հարաբերությունների վերականգնման առաջին քայլը կատարեց Սիսիանի համայնքապետարանը՝ Մոնտելիմարի պատվիրակությանը հյուրընկալելու առաջարկ կատարելով:


Համայնքապետարանում կայացավ աշխատանքային խմբերի հանդիպումը, Մոնտելիմարի պատվիրակության անդամներն էին՝ «Հայկական մշակույթ և հիշողություն» ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Կելեջյանը, ասոցիացիայի փոխնախագահ և փորձի փոխանակման կոմիտեի անդամ Ժակ Դերդերյանը, փորձի փոխանակման կոմիտեի նախագահ Ալեն Սիլվեն և կոմիտեի անդամ Նադինե Ֆագին: Ֆիլիպ Կելեջյանը և Ժակ Դերդերյանը հայկական արմատներ ունեն, թեպետ մի քանի անգամ են ընդամենը Հայաստանում եղել, այնուամենայնիվ, սրտով և հոգով հայ են, Հայաստանը նրանց երակների մեջ է:
Հյուրերը այցելեցին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն, ունկնդրեցին «Սիս» դհոլահարների համույթի և ժողովրդական գործիքների անսամբլի փորձերը: Հիացան, հուզվեցին և առանց պարելու հրաժարվեցին հեռանալ:
Զորաց Քարերում հայ և ֆրանսիացի հյուրերը հետաքրքրասիրությամբ լսեցին մեգալիթյան հնամենի հուշարձանի առեղծվածը: Օրվա ավարտին, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցելեցին Սիսիանի նորակառույց մարզադաշտ, փոքր-ինչ մարզվեցին, անտեսելով հոգնածությունը, նաև ֆուտբոլ խաղացին:
Այցի երկրորդ օրն առավել հագեցած էր: Պատվիրակության անդամները այցելեցին քաղաքային պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների և Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարերին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը հատուկ օրհնության կարգ կատարեց: Որպես երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշ, հյուրերը սիսիանցի գործընկերների հետ ճերմակ աղավնիներ թռցրեցին օդ:
Պատվիրակության անդամներին ջերմ հյուրընկալություն էր սպասվում նաև  «Սիսիան կերամիկի» արվեստանոցում, որտեղից, իհարկե, դատարկաձեռն չհեռացան, համայնքի ղեկավարի կողմից նվերներ ստացան:
Օրվա երկրորդ կեսը նվիրվեց Ձորերի ենթաշրջանի  հրաշալիքների բացահայտմանը: «Աղիտուի քարանձավ» պատմամշակութային հուշարձանում ականատես եղան հնագիտական պեղումների աշխատանքների, հնագետ Հայկ Ազիզբեկյանը մանրամասնորեն ներկայացրեց քարանձավի պատմությունը, ընթացող աշխատանքների արդյունքները: Տպավորություններն էլ ավելի խտացան, երբ հյուրերը այցելեցին Աղիտուի մահարձան, Որոտնավանք, Որոտնաբերդ, Մելիք Թանգիի կամուրջ: Հայկական եկեղեցիների պատմությանը ևս մեկ անգամ ծանոթացան՝ այցելելով Դարբասի նորակառույց և Լորի հնամենի եկեղեցիներ, համադրելով հինը նորի հետ: Օրվա տպավորությունները հատկապես Ֆիլիպ Կելեջյանի համար առավել խտացան Համո Սահյանի տուն-թանգարանում, ծանոթ ու միևնույն ժամանակ անծանոթ հայերենը հուզեց պարոն Կելեջյանին, պոետի խոսքերը նրա հոգում անասելի կարոտ արթնացրեցին, աչքերից թափվող արցունքները բնավեր հայի հոգում անթեղված ցավի ու չամոքված վերքերի վկայությունն էին: Հյուրերը անսահման տպավորված  էին, հատկապես, համայնքի ղեկավարի հյուրընկալությունից, «Կարծես վաղեմի բարեկամներ լինենք»,- անընդհատ կրկնում էին նրանք: Երկրորդ օրն ավարտվեց կենտրոնական հրապարակում, ուր, ի պատիվ, հյուրերի հնչում էր ֆրանսիական նրբագեղ երաժշտություն:
Օգոստոսի 12-ին պատվիրակությունը սիսիանցի երիտասարդների հետ մասնակցեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, բոլորից շատ քայլեցին, բոլորից շատ ուրախացան, երգեցին, պարեցին, հիացան ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ հատուկ բեմադրված պարով:
Այցի վերջին օրը համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ պաշտոնական քննարկում՝ քույր քաղաքների հետագա համագործակցության, փոխայցերի, համատեղ ծրագրերի իրականացման և բարեկամական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ համագործակցության հիմնական ոլորտն առայժմ կլինի մշակույթը: Փորձի փոխանակման կոմիտեի նախագահ Ալեն Սիլվեն պատրաստակամություն հայտնեց Սիսիանի մշակույթը, տարբեր ծրագրերի շրջանակներում, ներկայացնել  ինչպես Մոնտելիմարում, այնպես էլ Ֆրանսիայի այլ քաղաքներում :
Ալեն Սիլվեի Սիսիան վերադառնալու ցանկությունը կրկնապատկվեց, երբ ընկերների հետ այցելեց Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարան, ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ և  Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց: Հայկական մշակույթի պահպանված նմուշները, սիսիանցի երեխաների ձեռագործ աշխատանքները և նկարները, իսկապես, տպավորիչ էին հյուրերի համար:
Հատկապես Ֆիլիպ Կելեջյանի համար մեծ նշանակություն ունի հայկական մշակույթի ամեն մի մասունքը: Նրա ղեկավարած «Հայկական մշակույթ և հիշողություն» ասոցիացիան 17 տարվա պատմություն ունի, գործունեության հիմքում հայկական մշակույթի հանրայնացումն ու ազգայինի պահպանումն է:
Սիսիանի շախմատի դպրոցում զրույցը միայն սպորտային թեմաներով էր,  հյուրերը շնորհավորանքներ ընդունեցին աշխարհի առաջնությունում ֆուտբոլի ազգային  հավաքականի հաղթանակի կապակցությամբ, գովեստի խոսքեր լսեցին ֆրանսիացի շախմատիստների հասցեին:
Հաջորդ ջերմ ընդունելոթյունը սպասվում էր Սիսիանի թիվ 3 նախակրթարանում, փոքրիկների մասնակցությամբ կազմակերպված գեղեցիկ միջոցառումը հայ-ֆրանսիական բարեկամության իրական խորհրդանիշն էր:
Սիսիանում կայացած վերջին հանդիպումը արվեստագետ, նկարիչ Աշոտ Ավագյանի արվեստանոցում էր, վաղեմի ծանոթները առանձին խոսելու շատ թեմաներ ունեին, սակայն ժամանակը սուղ էր, Մոնտելիմարից ժամանած հյուրերի պատվին Սիսիանի մշակույթի կենտրոնում համերգ էր կազմկերպվել: Միջոցառումը եղավ այցի վերջին և ամենահնչեղ ակորդը, հայկական ու ֆրանսիական մշակույթների միաձուլումը վերջնական փայլ հաղորդեց  անցած չորս օրերի տպավորությունների ներկապնակին: Հյուրերը հրաժեշտ տվեցին նորից հանդիպելու ակնկալիքով, Սիսիանի պատվիրակությանը Մոնտելիմարում հյուրընկալելու հրավերով:

Add comment