Main content

IMG 9150Հոկտեմբերի  24-ին Սիսիանի համայնքապետարանում կայացավ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) նախագծի հանրային քննարկումը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ ակնկալելով ակտիվ քննարկում և կառուցողական առաջարկներ:


Սիսիանի համայնքի ՏԱՊ-ը կազմվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մշակված «Համայնքի ՏԱՊ-ի մշակման մեթոդական ուղեցույց»-ի հիման վրա:IMG 9141
Այն  նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Հովհաննեսյանը Սիսիանի համայնքի ՏԱՊ-ում, որպես առավելություն և գովելի ցուցանիշ, ընդգծեց բավականին մեծ ռեսուրսների ներգրավումը արտաքին աղբյուրներից. «Փաստաթուղթը կազմված է բավականին մանրակրկիտ, գնահատված են յուրաքանչյուր ծրագրի ռիսկերը, հստակ սահմանված է, թե ով է ծրագրի կատարման պատասխանատուն: Սիսիանի համայնքի 2019 թվականի ՏԱՊ-ը պարզապես բարի ցանկությունների արտահայտում չէ, այլ ռեալ, ընդգրկուն փաստաթուղթ: Մեծ ծավալի աշխատանքներ են ծրագրված, որոնք վստահ եմ, կիրականացվեն»,-իր ելույթում ասաց Կարեն Հովհաննեսյանը:IMG 9100
ՏԱՊ-ում ներառված են ոչ միայն համայնքային բյուջեով կամ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերը, այլ նաև այնպիսիք, որոնք ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով: ՏԱՊ-ում նմանօրինակ ծրագրերի ներառումը ինքնանպատակ չէ, ամրագրելով առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքները՝ համայնքը տարվա ընթացքում փորձում է գտնել բացակայող ֆինանսական միջոցները: Փաստաթուղթը  ներկայացվում է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
ՏԱՊ-ում համապատասխան ֆինանսական միջոցներով չապահովված ծրագրերից են լուսավորության համակարգերի կառուցումը, Կ. Դեմիրճյանի անվան այգու բարեկարգումը, խմելու ջրագծերի վերանորոգումն ու կառուցումը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, փողոցների բարեկարգումը, ՆՈՒՀ-երի վերանորոգումը  և այլն:IMG 9142
ՏԱՊ-ի քննարկման ընթացքում ներկայացվեցին փաստաթղթում ներառված ծրագրերն ըստ ոլորտների, նախատեսված աշխատանքների ամբողջական նկարագիրն ու տեսլականը, հաշվարկված ռիսկերն ու ակնկալիքները: Մասնակիցների կողմից եղան առաջարկներ, որոնք ընդունվեցին ի գիտություն, իսկ հնչած հարցերին համայնքի ղեկավարի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ: IMG 9148
Մեկ առ մեկ ներկայացնելով համայնքի խոշորացումից հետո կատարված բարեկարգման մի շարք աշխատանքներն ու իրականացված ծրագրերը՝ համայնքի ղեկավարը կարևորեց հատկապես համախմբվածությունն ու սրտացավությունը.

«Բյուջեի սուղ միջոցները ընդունել պատճառ և աշխատանք չկատարել` դեմ է իմ սկզբունքներին: Կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերը սրտացավ աշխատանքի արդյունք են, մենք ամեն կերպ փորձում ենք գրավել ներդրողների ուշադրությունը, փնտրել միջոցներ՝ առկա խնդիրների լուծման նպատակով: 2019 թվականի ՏԱՊ-ը իր ընդգրկվածությամբ մի այնպիսի փաստաթուղթ է, որը առաջիկա մեկ տարում պետք է դառնա մեր բազմաբնակավայր համայնքի առաջընթացի ու զարգացման ուղեցույցը: Համոզված եմ, որ բոլոր կարող ուժերի համախմբման շնորհիվ փաստաթղթում ներառված ծրագրերը շատ կարճ ժամանակահատվածում կյանքի կկոչվեն»,-ասված էր համայնքի ղեկավարի ամփոփիչ ելույթում:
Հ.Գ. Սիսիանի համայնքի 2019 թվականի  տարեկան աշխատանքային պլանն ամբողջությամբ, ավագանու կողմից հաստատվելուց հետո, կտեղադրվի Սիսիանի համայնքապետարանի http://www.sisian.am պաշտոնական կայքում:IMG 9151IMG 9158

Add comment