Main content

FB IMG 1544712921215

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեցին համայնքների աշխատակազմերի քարտուղարներ և հարյուրավոր համայնքային ծառայողներ:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ համայնքային ծառայության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունեցող համայնքային ծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն: Հայաստանի համայնքների միության կողմից պատվոգրով պարգևատրվեց նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը:FB IMG 1544729289923
Համաժողովի ընթացքում քննարկում ծավալվեց համայնքային ծառայության ոլորտի քաղաքականություններին, առկա խնդիրներին ու հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարեց՝ համայնքային ծառայողները, աշխատակազմերը բուն  տեղական ինքնակառավարման կրողներն են այնպես, ինչպես քաղաքական մարմինները. «Տեղական ինքնակառավարումն ըստ էության արժեզրկվել է հասարակության աչքում: Սա նշանակում է, որ մենք կրկնակի ավելի ջանքեր պիտի գործադրենք, որ փորձենք տեղական ինքնակառավարման հեղինակությունը վերականգնել, և դա պիտի արվի նաև համայնքային ծառայության միջոցով՝ ուժեղացնել համայնքային ծառայության դերակատարությունը և′ բնակիչների, և′ արտաքին աշխարհի համար»: Էմին Երիցյանը շեշտեց՝ 2004-ից՝ համայնքային ծառայության համակարգ ներդնելուց ելել են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հայտնի դրույթից, որ տեղական իշխանություններն ինքնուրույն են ձևավորում իրենց ադմինիստրացիաները. «Սա վերաբերում է նրան, որ պետությունը կարող է կարգավորիչ դեր ունենալ, բայց չպետք է միջամտի»:

FB IMG 1544729335661Համաժողովի ընթացքում քննարկվեց նաև Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգի, խորհուրդ ձևավորելու հարցը: Խորհրդի անդամ է ընտրվել նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը:Համաժողովի ավարտին ընդունվեց Համայնքային ծառայողների համաժողովի հայտարարություն: Փաստաթղթում մասնավորապես ամրագրված է. «Հայաստանի համայնքների միության համայնքային ծառայողների համաժողովը որոշում է ստեղծել համայնքային ծառայողներից բաղկացած ներկայացուցչական մարմին՝ խորհուրդ, պահպանելով մարզերի համաչափ ներկայացվածության սկզբունքը: Լիազորում է վերջինիս մշակել Համայնքային ծառայողների համաժողովի կանոնակարգ, մինչև հաջորդ համաժողովի անցկացումը հանդես գալ համայնքային ծառայողների համաժողովի անունից։ Համայնքային ծառայողների համաժողովի խորհուրդը կոչված է պաշտպանել և ներկայացնել համայնքային ծառայողների շահերը, ինչպես Հայաստանի համայնքների միության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս: Համայնքային ծառայողների ներկայացուցչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու, ի թիվս այլոց, համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի, նրանց սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանվածության հետ կապված հարցերը»:

Տեղեկատվության աղբյուրը՝ www.caa.am

Add comment