Main content

infoՀունվարի 9-ին Սիսիանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2019 թվականի առաջին զինակոչիկները:

Վաղ առավոտից Սիսիանի Ազատամարտի հրապարակում հավաքված էին նորակոչիկների հարազատները: Հրաժեշտի խոսքեր, գրկախառնություններ, արցունքներ, ծնողական խրատներ ու բարեմաղթանքներ. տղաները մեկնում են պաշտպանելու հայրենիքը, ապահովելու՝ հարազատների անդորրն ու խաղաղ քունը:
Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանի աղոթքով մեկնարկեց զորակոչի հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը , համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, վետերաններ: Համայնքի ղեկավարը իր բարեմաղթանքները հղեց նորակոչիկներին ու նրանց հարազատներին` տղաներին մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն: 
Ավանդույթի համաձայն, տղաները մեկնելուց առաջ, համայնքի ղեկավարի գլխավորությամբ  ծաղիկներ խոնարհեցին Վուրգ Ոսկանյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հրամանատարի և զոհված սիսիանցի ազատամարտիկների հիշատակին:
Ժամանակ ունեցան ևս մեկ անգամ գրկախանվելու ծնողների ու հարազատների հետ: Նրանք ճանապարհվեցին՝ տանելով բոլորիս օրհնությունն ու վստահությունը:  

Add comment


1