Main content

1Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Առանձնակի երախտագիտությամբ ու հարգանքով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած հերոսներին, կամավորական ջոկատների քաջ մարտիկներին ու հրամանատարներին, բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դարձան մեր երկրի կարևորագույն պետական կառույցն ու հիմնասյունը, խաղաղության կայուն երաշխիքն ու ապավենը: 

Հայոց բանակի կայացման ողջ պատմությունը էջ առ էջ դաջված է մեզանից յուրաքանչյուրի հիշողություններում: Միասին ենք կամավորական ջոկատների տղաներին ճանապարհել ռազմաճակատ, միասին ենք աղոթք արել ու սրտատրոփ սպասել նրանց հաղթական վերադարձին: Տեսել ենք, թե ինչպես են կազմավորվում մեր քաղաքներում տեղակայված զորամասերը, թե ինչ հուզմունքով են տասնութամյա տղաները զորակոչվում բանակ: Քայլ առ քայլ մեր աչքի առջև ծնվեց ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ, զարգացավ, հզորացավ՝ դառնալով կանոնավոր ու մարտունակ: 
Ամեն անգամ՝ զինակոչիկներին բանակ ճանապարհելիս, անհանգստությունս փոխվում է հպարտության, երբ տեսնում եմ նրանց պատրաստակամությունը, տրամադրությունն ու ոգևորությունը՝ ծառայելու հանուն հայրենիքի ու հայրենի հողի: 
Հարգարժան սպանե՛ր, զինծառայողնե՛ր, դուք ձեր բարեխիղճ ծառայությամբ ու զինվորի հանդեպ ունեցած հոգատարությամբ կրկնապատկում եք Հայոց բանակի մարտունակությունը: 
Սիրելի՛ զիվորներ, ձեր քաջության, նվիրվածության, անսասան կամքի ու տոկունության շնորհիվ խաղաղ է հայոց երկնակամարը, անառիկ են մեր սահմանները: 
Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր փառահեղ հաղթանակ տարան ու դարձան օրինակ հետգա սերունդների համար, ովքեր կյանքի գնով ազատություն ու խաղաղություն պարգևեցին բոլորիս : 
Մենք ասում ենք ի լուր աշխարհի՝ ունե՛նք մարտունակ բանակ, սահմանին կանգնած է հայրենասեր ու գիտակից զինվորական, Արցախի ազատությունը վե՛ր է ամեն ինչից, մեզ համար թանկ է մեր զավակների թափած ամեն մի կաթիլ արյունը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարօրություն:

 

Add comment


1