Main content

sisakanjokat1994 թվականի հունվարը անջնջելի հետք է թողել Սիսական ջոկատի տղաների կյանքում: Ամեն տարի հունվարի 26-ին նրանք տոնում են, հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ, Արցախյան պատերազմում այդ օրը թշնամու դեմ անահավասար ու դաժան մարտում տարած հաղթնակը:

 

25 տարի է անցել, ավանդույթի համաձայն նրանք նորից միասին են: Հունվարի 26-ին Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակից երթ էր կազմակերպվել, ջոկատի տղաները, հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ, զինվորական նվագախմբի հնչյուների ներքո շարժվեցին դեպի պանթեոն, նրանց հետ էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք, հոգևոր հայրեր և Ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդներ: Ծաղիկներ խոնարհվեցին զոհված ընկերների շիրիմներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցվեց: <Օրը յուրահատուկ խորհուրդ ունի: Միախառնվել են հուզմունքը, հպարտությունը, ուրախությունն ու տխրությունը: Քսանհինգ տարի շարունակ նույն օրը, անկախ ամեն ինչից՝ պաշտոնից , զբաղվածության աստիճանից ու առողջական վիճակից, նրանք հավաքվում են, իրենց հարգանքի տուրքն են մատուցում նահատկված տղաներին, խոնարհումի խոսքեր ասում: Տարիների հեռվից թվում է, թե բոլորը ծերացել են, բայց 2016 թվականը ցույց տվեց, որ նրանք դեռ շարքերում են: Կարծում եմ երիտասարդները այս մարդկանցից շատ բան ունեն սովորելու >,-ասաց մարզպետ Հունան Պողոսյանը: <Նրանք բոլորն ինձ համար հերոսներ են:Յուրաքանչյուրի ապրած կյանքը մի պատմություն է: Հունվարի 26-ին ջոկատը տոնում է իր հաղթնակներից մեկը միայն, բայց չէ որ դրանք անթիվ են: Ես միշտ մեր նորակոչիկ տղաներին կոչ եմ անում հպարտանալ իրենց ավագ ընկերների սխրանքներով, բարձր պահել նրանց թողած անունն ու պատիվը՝ մատնանշելով հատկապես Սիսական ջոկատի անցած ուղին>,-ասաց համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Ձեզ ենք ներկայացնում 1994 թվականի Հունվարի 26-ին տեղի ունեցած կատաղի մարտի մասին պատմող մի փոքրիկ դրվագ.

<ՓԱՌՔ ՁԵԶ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂ ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ>
Ավետիս Ահարոնյան
աղբյուրը՝ Սիսական ջոկատ ֆեյսբուքյան էջ.

Հունվարի 25-ին Օհանյան Սեյրանը դաշտային կապով խոսեց Աշոտի հետ և զգուշացրեց.
-Երկա՛թ, համաձայն հետախուզության՝ վաղ առավոտյան սկսվելու է հզոր հարձակում, որի հիմնական հարվածը ձեր պաշտպանական ուղղությունն է: Հարձակմանը մասնակցելու է 10-15 զրահատեխնիկա: Աշո՛տ, սիսիանցիներից շատ բան է կախված, կդիմանա՞ս:
Աշոտը պատասխանեց.
-Դիմանալը կդիմանամ, բայց հրետանիով օգնե՛ք, և մեզնից ձախ թևը ուժեղացրե՛ք, ես ուժեր չունեմ, որ նորից այդ թևը մարդ ուղարկեմ:
Երեկոյան 17:00-ի կողմերը Իշիխիլիի շտաբ եկավ Հադրութի ՊՇ հրամանատար Վարդան Ավետիսյանը և Մինասյանի հետ քննարկեց գործողությունները: Աշոտը օգնություն ուղարկեց իրենից ձախ գտնվող ուժերին՝ 20 փորձառու մարտիկների՝ Բաբկեն Գևորգյանի հրամանատարությամբ:
Ավետիսյանը օգնություն առաջարկեց, սակայն Աշոտը մերժեց՝ ասելով.
-Տղերքը կկանգնեն, ինձ միայն տեխնիկայով ու հրետանիով օգնե՛ք: Մի տանկ ուղարկե՛ք:
Հետագայում հիշելով այդ մարտը՝ Վարդան Ավետիսյանը նշում է.
-Ճիշտ է, չկարողացա Սիսիանի տղերքին օգնել, բայց տղերքը այդ դաժան մարտում դիմացան: Հաղթեցին ու գերմարդկային հերոսության օրինակներ ցույց տալով՝ ոչ մի քայլ չնահանջեցին:
Ժամը 03:30 բոլորը դիրքավորվեցին: Առաջնագծում միայն երկրապահի տղերքն ու փորձառու սպաներն էին դիրքավորված, և ամեն մի դիրքում՝ 5-ական զինվոր, որոնց խնդիրը միայն փամփուշտ հասցնելն էր ու փամփշտատուփերը լցնելը:
Ուժերը տեղաբաշխվեցին հետևյալ կերպ. Ձախ թևի առաջին հենակետում դիրքավորվեց 50 մարտիկ՝ Գաբրիելյան Մարտիկի հրամանատարությամբ, կենտրոնում՝ Ծերուկ Գագոն 30 մարտիկներով, աջ թևում, որը ամենավտանգավորն էր, և որտեղ սպասվում էր տանկային գրոհը, տեղավորվեց Աշոտ Մինասյանի, Արայիկ Վարդանյանի ու Մանվել Հովհաննիսյանի 50 մարտիկների խումբը:
Առավոտյան 04:00-ին մեր դիրքերին մոտեցան սողեսող թուրքերը: 50մ-ի վրա կանգ առան՝ սպասելով հարձակման հրամանի, այդ պահին Սիսիանի մարտիկների նետված նռնակներով թշնամին ոչնչացվեց: 20 րոպե լռությունից հետո գործեց թշնամու հրետանին: Հրետանուց հետո հարձակվեց հետևակը, որը թաքնված էր 150-200 մ հեռավորության վրա: Մոտ 1500 ադրբեջանցի և մոտ 300 աֆղանական մոջահեդներ, ալլահ, ալլահ գոռալով, հարձակվեցին: Լույսը բացվում էր: Հեռվից հակառակորդի տանկերը շարժվում էին դեպի մեր դիմացի բլուրը: Հակատանկային միջոցներով փորձում էինք խափանել տանկերի տեղաշարժը: Մեր ասսերը`թե՛ Արտյոմը ՍՊԳ-9 –ով, թե՛ Արսենը Կարոյի հետ, ֆագոտով հակառակի պես չէին կարողանում խոցել դրանց, իսկ դրանք մոտենում էին… հավաքվում իրար գլխի… Ժամը 10:00-ին նորից լսվեց տանկերի ձայնը, և 18 զրահատեխնիկա շարժվեցին մեր ուղղությամբ: ԵՐԿԱԹԸ հանգիստ հայացքով նայում էր հակառակորդի մոտեցող զրահատեխնիկաներին, շարքերը նույնպես, ինչպես իրենց հրամանատարը, իրենք էլ հանգիստ, սառնարյուն սպասում էին մոտեցող հրոսակներին: Ուզեցի Սաքոն առաջինը սկսեց կրակել գնդացրով՝ ստիպելով մոտեցող տանկերից հետևակին բաժանել…..ամեն ինչ խառնվեց իրար…..հայրենիք, երդում, ընտանիք, երեխաներ, ծնողներ, գերեզմաներ, աստվածներ … Առյուծների մարտ էր դա, զրահատեխնիկաների հետ դեմ հանդիման մի բուռ հայրենասերներ, համարյա էլ հակատանկային արկեր չէր մնացել, բայց հայրենիքը սրտատրոփ սպասում է անսպասելիին, և տղաները ջարդեցին հակառակորդի համառությունը…

Add comment


1