Մշակույթ

Իսկ Հայաստանի հարավի մշակութային ժառանգությունը կլինի հոգատար աչքի ներքո: Որոտնավանքի վանական համալիրն այժմ նորոգվում է: 2017-ին ռեստավրացիոն աշխատանքները կավարտվեն: Մշակույթի նախարարը գոհ է նորոգման ընթացքից: Անձամբ է տեսել՝ սեպտեմբերյան աշխատանքային շաբաթը սկսելով Սյունիքի մարզից: Հասմիկ Պողոսյանը գործընկերների հետ եղել է Սիսիանում եւ Գորիսում: Մարզի ամենակոլորիտային քաղաքում նախարարը հյուրընկալվել է Կյորեսի ամենասիրված արձակագրի տուն թանգարանում: Ակսել Բակունցի տունը նույնպես նորոգվել է: Ժիրայր Գրիգորյանն է հետեւել մշակույթի նախարարի մշակութային այցին:

Սիսիանցի ստեղծագործող Թերեզա Ստեփանյանը բանաստեղծությունների իր հերթական գրքի շնորհանդեսը տոնեց Սիսիանում:
«Այ կաչաղակ, կաչաղակ», «Անդունդ ի վեր» և «Առեղծվածներ» գրքերում տեղ գտած չափածո գործերի և թարգմանությունների վերաբերյալ իրենց խոսքն ասացին բանասիրության դոկտոր Շչորս Դավթյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Նինել Աղասյանը, Սվետա Համբարձումյանը և այլոք:

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը։ Գեղանկարիչը ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից է, սակայն իր ծննդավայրն է համարում հայոց յուրաքանչյուր բնակավայր, վրձինը ուժ ու գունավորում է ստանում հայաստանյան յուրաքանչյուր անկյունում։ Շուրջ 1 տարի է՝ Սիսիանում ավելի շատ է լինում․ այստեղ արդեն իր տունն ու արվեստագետի իր անկյունն ունի։ «Սիսիանում հզոր, աստվածային էներգետիկա եմ զգում»,- ասում է։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, սիսիանցիներն ու հյուրերը շրջում են Սիսիանի մարզադաշտում համահայկական «Ծաղկի տոն» միջոցառման շրջանակում տեղադրված տաղավարներով, ծանոթանում հատուկ կարիքով մարդկանց ձեռքով պատրաստված աշխատանքներին, համտեսում ղարաբաղյան ժենգյալով հաց ու գինի:

Միջոցառման կազմակերպիչ Սուսաննա Իսաջանյանի խոսքով՝ «Կյանքի գործոն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանատունը, հաղորդումներ են պատրաստվել հանրապետության տարբեր քաղաքներում ապրող 32 սահմանափակ կարողություններով մարդկանց մասին։ Դրանք եթեր են հեռարձակվում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ:

Առանձին տաղավարներում ներկայացված էին սահմանափակ կարողություններով մարդկանց ձեռքի աշխատանքները՝  գեղանկարներ, կավե իրեր, հելունագործ, գոբելեն ու մաքրամե աշխատանքներ: Ծաղկին նվիրված երգեր, նաեւ պարային կատարումներ են ներկայացնում Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի, ԼՂՀ-ի պատվիրակները: Միջոցառմանը իրենց տաղավարներն ու դաշտերից հավաքած գույնզգույն ծաղկե կոմպոզիցիաներն են ներկայացնում նաեւ Սիսիանը, Աղիտու, Անգեղակոթ, Բռնակոթ, Շաքե եւ Սալվարդ գյուղական համայնքները:

Մայիսի 16-ին Սիսիանի պատմության թանգարանի բակում «Թանգարանների գիշեր» միջոցառման օրը լուսանկարներ են ցուցադրված: «Երբ պատմում են լուսանկարող աչքերը» խորագրով ցուցահանդեսի հեղինակը Նելլի Արսենյանն է:

Աշխատանքները հանրության դատին հանձնելու միտքը նրա գլխում վաղուց էր պտտվում: Այդ հարցում Նելլիին աջակցելու պատրաստակամություն հայտնեց Ծովինար Պետրոսյանը: «Տիկին Պետրոսյանը ինձ վստահեց, իմ գործին հավատաց եւ ինձ համար նման կարեւոր հնարավրություն ընձեռեց»,-ասում է Նելլին: 

«Մոտ կանգնեք թանգարանին, այցելելով այստեղ՝ ցանկացած մեկդ կհեռանա հոգեպես հարստացած եւ բավարարված»,- դիմելով ներկաներին՝ ասում է Ծովինար Պետրոսյանը:

Մայիսի 27-ին կայացավ Սիսիանի երաժշտական դպրոցի 2014-2015 ուստարվա հաշվետու համերգը։ Ելույթ ունեցան կրթօջախի բոլոր բաժինների լավագույն աշակերտները։ Դպրոցի փոխտնօրեն Գայանե Վարդանյանի խոսքով՝ տարին հաջողություններով լի էր։ 9 աշակերտներ հանդես են եկել տարբեր մրցույթ-փառատոնների և վերադարձել հաղթանակած։  «Վերածնունդ» միջազգային փառատոնին մասնակցած Սուսաննա Հունանյանը էստրադային ջազ երգեցողության համար արժանացել է դափնեկրի կոչման։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մարզային մրցույթում առաջին մրցանակի են արժանացել Սուսաննա Հունանյանը, Նարինե Իսկանդարյանը։

 Սիսիանի երաժշտական դպրոցում կայացավ կրթօջախի ջութակի դասարանի սան Գարեգին Գրիգորյանի մենահամերգը։ Վերջին ժամանակներս Գարեգինի կատարումները համաքաղաքային միջոցառումներում մեծ հիացմունք են առաջացնում հանդիսատեսի շրջանում։ Դասատու Գայանե Վարդանյանի խոսքով՝ Գարեգինը սիրում է գործիքը ու հաճույքով է պարապում, ուստի զարմանալի չէ, որ ոչ վաղ տարիքից երաժշտական դպրոց հաճախած տղան կարճ ժամանակում կարողացավ սահուն տիրապետել ջութակին։ Նախորդ տարի մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» փառատոնին, արժանացել դիպլոմի։ Տարբեր միջոցառումներում շնորհակալագրեր է ստացել։ 

«Ճչացող լռություն». այսպես է անվանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քանդակների ցուցադրությունը նախաձեռնության հեղինակը՝ քանդակագործ, լրագրող, հաղորդավար Լիլի Կարապետյանը: 

«Ցուցադրությունն ինքն էլ գաղթող է, ինչպես գաղթեցին հայերը Հայոց ցեղասպանության ժամանակ,-ասում է Լիլին:- Կարծում եմ՝ քանդակների «գաղթը» հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի շատ քաղաքների բնակիչներ տեսնեն դրանք, հաղորդակցվեն լռության հետ, որը ճչում է: Բոլորս էլ ապրում ենք այդ մեծ ցավը»:

Լիլիի նախաձեռնությունը Սիսիանում իրականություն է դառնում քաղաքապետարանի օժանդակությամբ: Սիսիանցիները քանդակագործի հոգու մարմնավորված ցավի հետ՝ բրոնզաձույլ վեց քանդակների տեսքով, հնարավորություն ունեն հաղորդակցվելու ընդամենը երեք օր: 

2015 թվականին «Ճչացող լռություն»-ը կշրջի հանրապետության համայնքներով, բայց ոչ վեց աշխատանքներով: Քանդակագործն աստիճանաբար կավելացնի դրանց թիվը: Յոթերորդ քանդակը շուտով պատրաստ կլինի:

Շուրջ 300 ցուցանմուշ, որ պատմում է Հայրենական մեծ պատերազմին սիսիանցիների մասնակցության մասին: Դրանք ռազմաճակատային նամակներ են, ճակատային մամուլում լույս տեսած հոդվածներ, փաստաթղթեր, լուսանկարներ, պատվոգրեր, շքանշաններ, մեդալներ, անձնական իրեր: Այս ամենը Մեծ հաղթանակի 70-ամյակի առիթով ցուցադրվում է Սիսիանի պատմության թանգարանում: 

«Ոչ միայն զենքով»․ ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ցուցադրվում են նրանց աշխատանքները, ովքեր Արցախյան ազատամարտի օրերին վրձինը, գրիչն ու մատիտը փոխարինեցին զենքով, արվեստագետի իրենց կոչումը` հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությամբ: Սիսիանցի ազատամարտիկների շրջանում ստեղծագործողների թիվը շատ ավելի մեծ է, սակայն այս պահին ներկայացված են նրանցից 6-ը՝ Վարդան Ղազարյանը, Վալերիկ Ստեփանյանը, Աղվան Մինասյանը, Արտաշես Եսայանը, Աշոտ Ավագյանը և Գրիգոր Գրիգորյանը: Նրանցից որոշներն այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, սակայն մարտադաշտում նրանց սխրանքն ու ստեղծագործություններից բխող էներգիան նրանց հավերժ մեր ուղեկիցն են դարձնում։

«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակում ցուցահանդես է կազմակերպվել Սիսիանի գեղարվեստի դպրոցում։ Կրթօջախի 70-ից ավելի սաներ նկարների, կավագործ ու թելագործ աշխատանքների միջոցով ներկայացրել են իրենց պատկերացումները Ցեղասպանության մասին։

Նախաձեռնությունը «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ինն է, որի ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հայտարարված  «Ցեղասպանություն և մշակույթ» խորագրով դրամաշնորհային մրցույթում։