Մշակույթ

  «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունն այսօր անսովոր ոգևորություն էր առաջացրել Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Ազգային ավանդական պարային հնչյունները հրապարակ էին բերել բազմաթիվ սիսիանցիների:

  «Թամզարա», «Վերվերի», «Կարնո քոչարի», «Մշո խըռ», «Լորկե», «Շավալի», «Շորոր». այս պարերն էին փորձում հավաքվածներին սովորեցնել նախաձեռնության անդամները:

  «Պարենք հայերեն» նախաձեռնությունը ձևավորվել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի սիրողական խմբերի անդամների կողմից: 2011թ.-ից միևնույն գաղափարի շուրջ հավաքված մարդիկ ջանում են, որ ազգային պարը տարածվի և սիրելի դառնա յուրաքանչյուր հայի համար:

  Հուլիսի 17-ին սիսիանյան բեմում հայկական երգը հնչեցնում էր Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբը։ Ծրագրում հոգևոր, ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր էին։  

  Երգչախումբը գործում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Հիմնադրվել է 1962թ․՝  նպատակ ունենալով ֆրանսիահայերի հոգում վառ պահել հայկական մշակույթը, ինչո՞ւ չէ, այն սիրելի դարձնել նաև ֆրանսիացիների շրջանում։ Խմբավար Ժան Բերբերյանի խոսքով՝ դա իրենց հաջողվում է․ ֆրանսիացիներին զարմացնում և հիացնում է հայկական երգարվեստը։

Սփյուռքում ապրող երիտասարդների երազանքն իրականություն է դարձնում ՀՀ Սփյուռի նախարարությունը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում սփյուռքում գործունեություն ծավալող 9 պարային համույթներ ելույթ ունեցան ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում:

Հայկական ժողովրդական պարեր ներկայացրին ոչ միայն հայերը: 

«Իմ Հայաստան»-ը Սիսիանում համախմբեց արտերկրում եւ Սիսիանում գործող պարային համույթներին: Ելույթ ունեցան նաեւ Սիսիանի երգարվեստի ներկայացուցիչները: Մշակութային այս երկխոսությունը կրկին Հայաստան կկանչի սփյուռաքահայ երիտասարադներին եւ ոչ միայն նրանց՝ համոզված են ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հունիսի 13-ին մանկական արվեստի դպրոցի տնօրեն Արման Դավթյանի նախաձեռնությամբ ֆլեշ-մոբ էր կազմակերպվել: Մասնակցում էին արվեստի դպրոցի և «Գրանդ» պարային ակումբի 185 սաները:


«Շանթ» հեռուստաընկերության «X ֆակտոր» նախագծի երրորդ եթերաշրջանի լսումների փուլին մասնակցել է նաեւ սիսիանցի երգիչ Նարեկ Խաչատրյանը: Ժյուրիի բոլոր 4 անդամները Նարեկի կատարումից հետո «այո» ասացին: Հաջորդիվ Նարեկը կմասնակցի նախագծի «թատրոնի» փուլին:

Հաջողություններ մաղթենք Նարեկին եւ վայելենք նրա կատարումը:

 

 

 

 

 

 

 

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը սիսիանցի փոքրիկների համար անակնկալ ուներ նաև Սիսիանի մշակույթի կենտրոնը։ Սիսիանյան բեմում «Մոխրոտիկն» էր՝ կենտրոնի թատերական խմբակի սաների ներկայացմամբ։ Հեքիաթի Շառլ Պիերոյի տարբերակը խմբակավար Աննա Հակոբյանն է ռուսերենից թարգմանել, վերածել պիեսի՝ ավելացնելով թագավորի և թագուհու դերերը։ Ներկայացման մեջ ընդգրկված էին 9 դերակատարներ, խորթ մոր դերում ինքը խմբակավարն էր։ Ասում է․ «Շատ հեշտ ենք նախապատրաստվել նարկայացմանը․ ընդամենը 1,5 ամիս ենք աշխատել․ երեխաներն արդեն վարժվել են, բացվել։ Մեծ սիրով են հաճախում պարապմունքներին, նրանցից 3-4-ը  նույնիսկ որոշել են դերասան դառնալ»։


Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը իր 2013-2014 ուստարվա հաշվետու միջոցառումը անցկացրեց Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ իբրև յուրօրինակ նվեր սիսիանցի մանուկներին։ Քաղաքի Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում կրթօջախի սաները ներկայացել էին իրենց ձեռքի աշխատանքներով, խոհարարական ու դիզայներական հմտություններով, պարային, երաժշտական և ասմունքի կատարումներով։

Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի սաներն ուսումնական տարին ավարտում են հաջողություններ արձանագրած: Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում դպրոցի մի խումբ սաներ արժանացել են մրցանակների:
4-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Իշխանյանը եւ 7-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Սիմոնյանը պարգեւատրվել են շնորհակալագրերով, իսկ 3-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մինասյանը եւ 4-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Հունանյանը՝ «Բեմական հմայք» անվանակարգում դիպլոմներով: Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական մրցանակին է արժանացել 5-րդ դասարանի աշակերտ Գարեգին Գրիգորյանը: Դարձյալ 5-րդ դասարանի աշակերտուհի Սյուզան Առաքելյանին շնորհվել է դիպլոմ  «Հայ կոմպոզիտորների ստեղծագործության լավագույն կատարող» անվանակարգում:

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի թանգարաններն արդեն 10-րդ անգամ միանում են եվրոպական թանգարանների մեծ ընտանիքին: «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով՝ այցելուների առջեւ մայիսի 17-ին եւ Թանգարանների միջազգային օրը` Մայիսի 18-ին, անվճար իրենց դռներն էին բացել Հայաստանի եւ Արցախի շուրջ 100 թանգարաններ:

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում երեկոն մեկնարկեց Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների մրցույթ-ցուցահանդեսով: Լավագույն 3 նկարների հեղինակները` Մարիամ Աղայանը, Լիլիթ Իսաջանյանը եւ Մարի Հովսեփյանը, արժանացան մրցանակների: Այնուհետեւ պատկերասրահը լցվեց երաժշտական հնչյուններով: Կատարումներով հանդես եկան Սիսիանի երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց հաճախող սաների կավե աշխատանքներն այսուհետ հնարավոր կլինի թրծել վառարանում եւ պահել շատ երկար: Դպրոցին մոտ 3000 ԱՄՆ դոլար արժողությամբ 2 վառարանները նվիրաբերել է Սան Ֆրանցիսկոյում բնակվող Ռոջեր Ստրոուքը: Կրթօջախը նման վառարաններով զինելու հարցը օրակարգում էր դեռեւս 2000թ.-ից: 

Մանրամասները՝ տեսանյությում:

Վերջին տարիներին քաղաքային գրադարանների ֆոնդերը համալրվում են նոր գրքերով: Նվիրատվություններ են կատարում  անհատները և պետական կառույցները: Ազգային գրադարանի նվիրատվությամբ Սիսիանի քաղաքային գրադարանի ֆոնդը համալրվել է արժեքավոր բազմաթիվ նոր գրքերով, աուդիո եւ վիդեո սկավառակներով, գույքով, համակարգիչներով: Սիսիանում նախատեսում են առաջիկայում անցնել էլեկտրոնային սպասարկման:

Մանրամասները՝ տեսանյութում: