Main content

9Մայիսիննյան եռատոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման կապակցությամբ Սիսիանում ևս մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել։

Տոնական հաղթական օրը սիսիանցիների հետ կիսեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, հոգևոր սպասավորներ ու բարձրաստիճան սպաներ։  Կենտրոնական հրապարակում, զինվորական նվագախմբի խրոխտ հնչյուններով մեկնարկած միջոցառման ընթացքում, երաժշտական ու պարային ելույթներով հանդես եկան Սիսիանի մանկական արվեստի և Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի սաները։ Ներկաներին շնորհավորեց ու պատմական փոքրիկ ակնարկով ելույթ ունեցավ ժամկետային զինծառայող Մհեր Մաթևոսյանը։ Օրվա խորհուրդն ամփոփվեց համերգային ելույթների ավարտին օդ թռցրած եռագույն աղավնիների ազատ ճախրանքի մեջ։ Միջոցառման մասնակիցները, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, շարժվեցին դեպի Սիսիանի շրջանից Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Այստեղ հյուրերին դիմավորեցին երաժշտական դպրոցի ջութակի բաժնի երեխաները՝ գեղեցիկ երաժշտական կատարումով։ Այնուհետև հաղթական քայլերթը շարժվեց դեպի քաղաքային պանթեոն։  Ճանապարհին, <Մայր Հայաստան> հուշարձանի մոտ, երթի մասնակիցները ունկնդրեցին երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի ելույթը։ Արցախյան և ապրիլյան պատերազմներում զոհված տղաների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց հետո երթը շարժվեց դեպի Սիսիան քաղաքից Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձան-կոթող։ Այստեղ, <Սիս> դհոլահարների համույթի պատանիների գեղեցիկ ելույթով եզրափակվեց տոնական օրը։у
Միջոցառումներ էին կազմակերպվել նաև համայնքի տարբեր բնակավայրերում։ Մեր համայնքից պատերազմի հաղթանակի բերկրանքը վայելած վետերաններից այսօր ողջ են  հինգը՝ Վազգեն Հարությունյան/  Հացավան/, Հակոբ Վարդանյան/Լոր/, Արամայիս Հունանյան /Սալվարդ/, Գրիգորի Հովսեփյան /Սիսիան/, Վաղարշակ Հայրապետյան /Բալաք/։ Վարչական ղեկավարները Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից  նրանց նվերներ ու շնորհավորական բացիկներ փոխանցեցին։
Միջոցառման բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆեյսբուքյան էջում։




 

 

 

 




 

 

 

 

 

 

 

 

 

 

Add comment


1