- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Օգոստոսի 11-ին Սիսիանում տոնվեց երիտասարդության միջազգային օրը: Այս տարի օրը նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի միջնադարյան վանական համալիր՝ Որոտնավանք:
Միջոցառումների մեկնարկը տրվեց միասնական շուրջպարով, որը մարմնավորում էր օրվա խորհուրդը: Ուխտագնացության և տոնական միջոցառումների հիմքում ընկած էր միասնականության, համախմբվածության, դեպի ազգային արժեքները ձգտելու գաղափարախոսությունը: Սիսակ Նահապետի անվան հրապարակից շարժվելով դեպի Որոտնավանք՝ յուրաքանչյուրն իր մտքում մի երազանք ուներ, որ պետք է ուխտագնացությամբ ի կատար ածվեր:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ՝ ուխտավորները ոտքով անցան մոտ 14 կմ ճանապարհ, քայլերթն ուղեկցվեց նաև աղբահավաքությամբ, շրջակա միջավայրի մաքրությամբ: Ճանապարհին ուխտագնացությանը միացան նաև Աղիտու, Նորավան, Վաղատին և այլ բնակավայրերից երիտասարդներ: Որոտնավանքում ուխտագնացներին դիմավորեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանը և Դարբասի սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը:
Հայր սուրբը ուխտավորներին ներկայացրեց Որոտնավանք վանական համալիրի պատմությունը, այնուհետև աղոթք կատարվեց և երիտասարդների օրհնության կարգ: Տոնական օրը շարունակվեց Սահյանական Լորում, մշակութային, սպորտային միջոցառումներ, ճաշկերույթ, համեղ ուտեստներ, որի պատրաստմանն աջակցել էր Սիսիանի զորամասը, տաք թոնրի լավաշ՝ թխված գյուղի կանանց ձեռքերով և իհարկե՝ մատաղի մատուցում, Սիսիանի համայնքապետարանի կողմից ամեն ինչ արվել էր երիտասարդների օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց երիտասարդներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր միացան ուխտագնացությանը, ովքեր ապացուցեցին, որ Սիսիանի համայնքը միասնական է, համախմբված և ուժեղ իր հզոր ու տաղանդավոր երիտասարդներով: 
Երիտասարդական օրվան նվիրված միջոցառումներով եզրափակվեց նաև «Ուրախ ամառ 2019» ծրագիրը, որի շրջանակներում, երկու ամիս շարունակ Սիսիան քաղաքում և համայնքի բնակավայրերում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, դիսկոտեկներ, պարի և նկարչության ուսուցման դասընթացներ, կիթառի երեկոներ, բացօթյա կինոդիտումներ և այլն/Ծրագրի ստեղծագործական խումբը ղեկավար՝ համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական բաժնի գլխավոր մասնագետ Արա Խաչատրյան/:
Միջոցառման ընթացքում ազգային պարերով հանդես եկավ Որոտնա համույթը, որը ևս ստեղծվել էր Ուրախ ամառ ծրագրի շրջանակներում: Տոնական օրը երիտասարդների հետ մեկտեղ վայելեցին նաև բոլոր նրանք, ովքեր, անկախ տարիքից, հոգով իրենց երիտասարդ են զգում:
ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ sisian-info ՖԲ էջում
Add comment
1