- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տոնվեց Գրադարանավարի մասնագիտական օրը: Տոնական միջոցառումներն այս տարի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, նվիրվեցին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:
Սիսիանի գրադարանում ևս օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել՝ համայնքի մշակութային օջախների սաների, գրադարանի հավատարիմ ընթերցողների, հանրակրթական դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Խոնարհ Գրիգորյանը լուսանկարների միջոցով երեխաներին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, այնտեղ պահվող իրերի պատմությունը:
Աշակերտները բանաստեղծի կյանքից հետաքրքիր դրվագներ պատմեցին, ասմունքեցին նրա ամենահյատնի ստեղծագործություններից, ինչպես նաև հյուրերին մատուցվեց Թումանյանի ամենասիրելի ուտեստեներից մեկը՝ լեբլեբին: Տոնական օրվան կոմիտասյան շունչ հաղորդեցին Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախմբի սաները՝ կատարելով Կոմիտասի հոգեցունց ստեղծագործությունները: Գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչները՝ կարևորելով մատաղ սերնդի դաստիարակման գործում նրանց կատարած անձնվեր աշխատանքը:
«Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Մարգարյանի խոսքով այս միջոցառումով գրադարանում մեկնարկում են թումանյանական և կոմիտասյան օրերը, առաջիկայում մեծերից յուրաքանչյուրին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն:
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵր՝ ԱՅՍՏԵՂ
Add comment
1