- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
«...Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,-
Կոմիտասի մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Սիսիանցի արվեստասեր հանդիսատեսին Կոմիտաս վարդապետով ապրելու լուսավոր րոպեներ պարգևեց Սիսիանի մշակույթի կենտրոնի և զորամասի համագործակցության արդյունքում ծնված գեղեցիկ միջոցառումը: 
Մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանի ղեկավարությամբ, սցենարի համահեղինակ ժամկետային զինծառայող, դուդուկահար Տիգրան Դավթյանի անմիջական մասնակցությամբ և մշակույթի կենտրոնի ամբողջ աշխատակազմի աջակցությամբ կայացավ մեծն երաժշտագետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված երեկոն:
Կոմիտասյան հոգեցունց երաժշտությամբ երեկոն հարստացրեցին Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը՝ ղեկավար Լուսինե Գասպարյան, ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհիներ Անուշ Աղաջանյանը և Սաթիկ Կարապետյանը, զինծառայողներ քանոնահար Խորեն Հովհաննիսյանը, ջութակահար Իվանե Եսայանը, դաշնակահարներ Արտյուշա Երզնկյանը և Արտեմ Խառատյանը, երգիչներ Գոռ Գրիգորյանը և Հարություն Առաքելյանը:




Պ. Սևակի «Աստվածային Կոմիտասին» նվիրված «Անլռելի զանգակատուն» պոեմի հատվածները լրացնում էին Վարդապետին ներկայացնող հաղորդավարական խոսքին: Ասմունքում էին մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաներ Հրաչ Խալաթյանը, Ելենա Առաքելյանը, Լուսինե Ջհանգիրյանը և Հայկ Ավետիսյանը, Կոմիտաս վարդապետի դերում հանդես եկավ թատերական խմբի սան Մանվել Իսկանդարյանը, գեղարվեստական ղեկավար՝ Աննա Հակոբյան: 
Քաղցրահունչ, զուլալ հայկական երաժշտություն, սցենարական հետաքրքիր լուծումներ, միջոցառումն ասես արվեստի նուրբ թելերով հյուսված գեղեցիկ գործվածք լիներ:
Add comment
1