- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը Սիսիանում վերածվեց մեծ տոնախմբության: Օրը սկսվեց համայնքապետարանի և Սիսիանի N զորամասի համատեղ կազմակերպած միջոցառումով, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ, զինծառայողներ:
Հետախուզական վաշտի ցուցադրական ելույթից հետո հյուրերը և հարյուրավոր սիսիանցիներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, Սիսիակ Նահապետի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին:
Պանթեոնում հոգևոր հայրերի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, խնկարկվեց հերոս նահատակների հիշատակը:
Միջոցառումը շարունակվեց «Քառասուն աղբյուր» հուշարձանի մոտ՝ Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի և «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթի ելույթներով: Իսկ Սիսիակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր ռազմական տեխնիկայի ցուցադրություն, զինվորական ճաշի համտեսում:
Տոնական օրվա առթիվ, ի թիվս Հայաստանի հինգ քաղաքների, ՀՀ ՊՆ կողմից Սիսիանի մշակույթի կենտրոնում ևս կազմակերպվել էր տոնական համերգ, որին ներկա էին նաև նախարարներ, ԱԺ պատգամավորներ:
Իրենց շնորհավորական ուղերձները հղեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԶՈՒ 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանը: Գեղարվեստական ելույթներով հանդես եկան հայտնի երգիչներ, Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պարի խումբը և «Որոտնա» համույթը:

Միջոցառման բոլոր լուսանկարները՝ sisian-info#Սիսիանի համայնքապետարան ՖԲ էջում
Add comment
1