Մարտի 6-ին Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սիսական գնդի ծննդյան 23- ամյակին: Միջոցառման հյուրերի թվում էին Աղվան Մինասյանի հայրը՝ Հրանտ Մինասյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
23 տարի է անցել այն օրվանից, երբ լռել են Արցախյան պատերազմի որոտները, սակայն ժամանակն անկարող է ամոքել վիշտը, սրտի վերքը և բուժել կորստի անբուժելի ցավը:
Ահա այդ ցավն էր համախմբել բոլորին, այդ ցավն էր դուրս հորդում սաների շուրթերից: Ափսոսանքի և երախտիքի խոսքեր, սրտառուչ բառեր:
Բոլորի սրտում կար ցավի և հպարտության զգացում: Ցավ, որ վաղաժամ ենք կորցրել մեր հերոս քաջամարտիկ Աղվան Մինասյանին, հպարտություն, որ նման աձնուրաց հերոսներ ենք ունեցել: Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն անվանակոչված է Աղվան Մինասյանի անունով, հետևաբար օրը նվիրվեց նրան, այն երիտասարդ հերոսին, ով գրիչը փոխարինեց զենքով, արդար երազանքները՝ վրեժի ցասմամբ:
<<Շնորհակալություն Ձեզ Ձեր վաստակի, Ձեր մեծացրած ու դաստիարակած որդիների համար, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել հանուն հայրենիքի, հանուն նրա լուսավոր օրվա: Երջանիկ հայր եք, որ ունեք նման քաջակորով որդիներ, առյուծ զավակներ, որոնց համար հայրենիքի գաղափարը վեր է եղել ամեն ինչից: Մենք էլ մեր հերթին ենք հպարտանում, որ ունենք Աշոտ Մինասյան, Աղվան Մինասյան: Ցավոք, Աղվանի կյանքի թելը կտրվեց շատ վաղ տարիքում, երբ դեռ գրիչն ու զենքն ասելիք ունեին, երբ նվիրական երազանքներն իրականության ճանապարհին էին, երբ..>>,- իր խոսքում ցավով նշեց Արթուր Սարգսյանը և ավելացրեց, <<Փառք նրանց, ովքեր գտնվեցին Սիսական գնդի ակունքներում, ովքեր գնացին գիտակցված մահվանն ընդառաջ, ովքեր կերտեցին մերօրյա խաղաղությունը, հավերժ խոնարհում հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներին:
Անմահ է նա, ով ընկնում է հանուն հայրենի հողի ազատագրման
եվ հավերժ փառք հայրնիքի համար թափած արյան կաթիլին,
Որի տեղը կբուսի անմահություն: