Main content

Թիվ 2 նախակրթարանում կազմակերպվել էր միջոցառում՝  նվիրված զատկի տոնին: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր-Պարգև քահանա Զեյնալյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները և ծնողները: Միջոցառման ընթացքում երեխաները տպավորիչ և գեղեցիկ ներկայացրեցին զատկի տոնակատարության խորհուրդը, որը բնույթով թե դաստիարակչական էր և թե ուսանելի: 


<<Այսօրվա սերունդը զարմանալիորեն խելացի է, ավելի գիտակ, ավելի համարձակ, ես տպավորված եմ նրանց գեղեցիկ ելույթով, անթերի արտասանությամբ>>,- իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը, նա երախտագիտության և գովեստի խոսքերն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին՝ ի դեմս դաստիարակ Վերգինե Կուրեխյանի և հավելեց, որ նման աշխատանքը տալիս է իր արդյունքը և խոստացավ պարգևատրման արժանացնել: 
Այնուհետև Արթուր Սարգսյանը երեխաներին հանձնեց առաջին կարգի պատվոգիր՝ սպորտլանդիայում առաջին մրցանակային տեղը զբաղեցնելու համար: Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ֆիզդաստիարակ Գայանե Մանուկյանին քրտնաջան և նվիրված աշխատանքի համար, ինչի արդյունքում երեխաները հաղթանակ արձանագրեցին: Համայնքի ղեկավարը՝ որպես հաղթող թիմի խաղալիքներ նվիրեց երեխաներին, որպեսզի ավելի հաճույքով հաճախեն նախակրթարան, գան ու չցանկանան տուն գնալ: 
Տեր-Պարգև քահանան նույնպես հանդես եկավ իր խոսքով ու աղոթքով, մեկ անգամ ևս կրկնելով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի: 
Նմանատիպ միջոցառում կազմակերպվել էր նաև թիվ 3 նախակրթարանում, որտեղ մթնոլորտը լցված էր գարնանային բուրմունքով, մայրական մեծարանքի խոսքերով և զատկի տոնական գունագեղությամբ: Այստեղ էլ երեխաները ինքնաբուխ արտասանեցին՝ գարնանային բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին, այստեղ էլ համայնքի ղեկավարը հանձնեց 2-րդ կարգի պատվոգիր՝ սպորտլանդիայում 2-րդ մրցանակային տեղը զբաղեցնելու համար և ոգևորիչ խոսքեր ասեց՝ հավատացնելով, որ հաջորդ հաղթողը հենց իրենք են լինելու:

Add comment


1